Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը ենթադրում է, որ Ուկրաինայի հակամարտությունը, ամանայն հավանականությամբ, կկարգավորվի բանակցությունների միջոցով։

«Ըստ իս, սկզբից ևեթ ակնհայտ էր, որ այս պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների միջոցով։ Որովհետև մի բան հաստատ է. միջուկային Ռուսաստանի կապիտուլյացիայի իմաստով լիակատար պարտություն սպասելի չէր։ Այդ առումով մենք հիմա փոքր-ինչ ավելի անկեղծ ենք դարձել ինքներս մեզ հետ»,-Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Վադեֆուլը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք Գերմանիան գտնվում է Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի վիճակում, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ինքը կխուսափի «պատերազմ» եզրույթը գործածելուց։ «Սակայն մենք այլևս թվացյալ խաղաղ իրավիճակում չենք։ Մենք պետք է այդ խնդիրը լուծելու նոր եղանակներ գտնենք։ Դա նաև նշանակում է, որ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավական շրջանակը»,-ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։