ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտնել է ամերիկյան պողպատ ձուլողներին, որ կրկնապատկելու է պողպատի ներմուծման մաքսատուրքերը մինչեւ 50 տոկոս, հաղորդել է NBC News-ը։
«Մենք պատրաստվում ենք բարձրացնել ԱՄՆ-ում պողպատի մաքսատուրքերը 25 տոկոսից մինչեւ 50-ի»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի Ուեսթ Միֆլին քաղաքի Irvin Works գործարանում։
Թրամփն այցելել է U.S. Steel այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ հասկացրել է, որ հավանություն կտա վիճահարույց միաձուլմանը ճապոնական Nippon-ի հետ: Ներդրողները եւ արհմիության անդամները սպասում են ԱՄՆ նախագահի պատասխաններին, թե ինչ ձեւ կընդունի U.S. Steel-ի եւ Nippon-ի միջեւ գործարքը, որի մասին նա հայտարարել է։
Թրամփը գործարքը նկարագրել է որպես «գործընկերություն» մայիսի 23-ին իր Truth Social հարթակում հրապարակված գրառման մեջ: Նախագահն ասել է, որ U.S. Steel-ի շտաբը կմնա Փիտսբուրգում, իսկ Nippon-ը 14 ամսվա ընթացքում 14 մլրդ դոլար կներդնի 120-ամյա արդյունաբերական հսկայում:
Թրամփը կիրակի լրագրողներին հայտնել է, որ գործարքը «ներդրում է, դա մասնակի սեփականություն է, բայց այն վերահսկվելու է Միացյալ Նահանգների կողմից»:
Սակայն Սպիտակ տունը եւ ընկերությունները մի քանի մանրամասներ են տրամադրել հանրությանն այն մասին, թե ինչպես է կառուցված գործարքը Թրամփի հայտարարության պահից ի վեր:





























