Այս շաբաթ եվրոպացի առաջնորդները մեկնել են Ասիա՝ հիմնական ուղերձով. «Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք միասին՝ պահպանելու համար կանոնների վրա հիմնված կարգը Չինաստանի եւ Ռուսաստանի սպառնալիքների դեմ»:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին օրերին Հարավարեւելյան Ասիայում ելույթների ժամանակ ընդգծել են Ուկրաինայի պատերազմի եւ Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների խորացման կապերը, գրել է Bloomberg-ը։
«Դա մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերն է»,- ասել է Կալասը շաբաթ օրը Սինգապուրում անցկացվող Shangri-Love անվտանգության համաժողովի ժամանակ:
Նա մեղադրել է Չինաստանին Ուկրաինայի պատերազմի համար Ռուսաստան երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու մեջ։ Նման ապրանքների ավելի քան 80 տոկոսը, նրա խոսքով, գալիս է Չինաստանից։
Մակրոնն իր հերթին նախազգուշացրել է Պեկինին, որ Հյուսիսային Կորեայի մասնակցությունը Ռուսաստանին ռազմական աջակցությանը կարող է գլոբալ հետեւանքներ ունենալ։
«Եթե Չինաստանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ներգրավվի Հարավարեւելյան Ասիայում կամ ընդհանրապես Ասիայում, նա պետք է կանխի Հյուսիսային Կորեայի գործողությունները եվրոպական տարածքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Եվրոպական եւ ասիական պաշտոնյաները նաեւ մտահոգություն են հայտնել կիբեռհարձակումների, դիվերսիոն գործողությունների, ստորջրյա ենթակառուցվածքների վտանգների եւ ստվերային նավատորմերի գործունեության վերաբերյալ:
Արեւմուտքն ուղղակիորեն մեղադրել է Չինաստանին Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր եւ կարեւոր տեխնոլոգիաներ մատակարարելու մեջ։ Գագաթաժողովում 2019-ից ի վեր առաջին անգամ բացակայում էր նաեւ Չինաստանի պաշտպանության նախարարը:





























