Բեռլինը չի համարում Ռուսաստանի Դաշնության ռազմական պարտությունը որպես Ուկրաինայում պատերազմի ավարտ եւ նպատակ ունի ապահովել Ուկրաինայի ռուսական հետագա ագրեսիայից պաշտպանվելու կարողությունը, Süddeutsche Zeitung թերթի հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

«Իմ կարծիքով՝ ի սկզբանե պարզ էր, որ այս պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցություններով»,- մեջբերել է թերթը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը։- Ճիշտ է մի բան. լիակատար պարտություն՝ միջուկային զենքով Ռուսաստանի կապիտուլյացիայի իմաստով, սպասելի չէր։ Այս առումով մենք հիմա մի քիչ ավելի ազնիվ ենք դարձել»։

Վադեֆուլի խոսքով՝ Ուկրաինան հնարավորություն ունի ամուր բանակցային դիրքերում կանգնել պատերազմի ավարտի վերաբերյալ Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններում։

«Մեզ համար կարեւոր է, որ Ուկրաինան կայացնի այս որոշումը, այլ ոչ թե ուրիշներն այն կայացնեն իր փոխարեն»,- ընդգծել է նախարարը։

Մեկ շաբաթ առաջ Վաշինգտոն այցելած Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների միջոցով կաջակցի Մոսկվայի վրա ԵՄ ճնշումներին։ Միեւնույն ժամանակ, բաց է մնում Ուկրաինային ԱՄՆ ապագա օգնության հարցը, եւ դա պետք է ԵՄ-ին մղի նոր գործողությունների, կարծում է նախարարը, գրել է Deutsche Welle-ն։

Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել է ռուսական «ռազմական մեքենայի» հզորության գերագնահատումից։

«Ի վերջո, նա երեք տարի է ծախսել՝ փորձելով հասնել այն նպատակին, որին Պուտինը ցանկանում էր հասնել ընդամենը մի քանի օրվա ընթացքում»,- նշել է Վադեֆուլը։