Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը շաբաթ օրը հերքել է այն տեղեկությունը, թե անցյալ տարի նա ակտիվորեն կետամին և այլ թմրանյութեր է օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, գրում է AFP-ն։
Ուրբաթ օրը New York Times թերթը հայտնել էր, որ միլիարդատերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը, այնքան շատ կետամին՝ ուժեղ անզգայացնող, է օգտագործել, որ նրա մոտ միզապարկի հետ կապված խնդիրներ են սկսվել։ Թերթը հայտնել է, որ անցյալ տարի աշխարհի ամենահարուստ մարդը նաև էքստազի և սնկեր է օգտագործել և ճամփորդել է դեղահաբերի տուփով՝ հավելելով, որ հայտնի չէ՝ արդյոք Մասկը թմրանյութեր է օգտագործել, երբ հունվարին Թրամփի իշխանության գալուց հետո գլխավորում էր, այսպես կոչված, Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE)։
Շաբաթ օրը X սոցցանցում իր գրառման մեջ Մասկը նշել է. «Որպեսզի պարզ լինի, ես թմրանյութեր ՉԵՄ օգտագործում։ New York Times-ը ամբողջությամբ ստում է»։
«Մի քանի տարի առաջ ես «դեղատոմսով» կետամին եմ փորձել և այդ մասին X-ում եմ ասել, այնպես որ դա նույնիսկ նորություն չէ։ Դա օգնում է դուրս գալ մութ հոգեկան փոսերից, բայց դրանից հետո ես այն չեմ օգտագործել»,- պարզաբանել է նա։
Մասկն առաջին անգամ խուսափել է իր կողմից թմրանյութերի օգտագործման մասին հարցին պատասխանելուց ուրբաթ օրը Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում իր հրաժեշտի ելույթի ժամանակ, որի ժամանակ նրա աչքի տակ նկատելի կապտուկ է եղել, գրում է AFP-ն։
Մասկն ասել է, որ վնասվածք է ստացել, երբ խաղում էր իր փոքրիկ որդու՝ Իքսի հետ, երբ երեխային խնդրել է հարվածել իր դեմքին։ «Եվ նա հարվածեց։ Պարզվում է, նույնիսկ հինգ տարեկան երեխան, որը հարվածում է քո դեմքին, իրականում…»,- հավելել է նա։
Ավելի ուշ ուրբաթ օրը, երբ լրագրողը Թրամփին հարցրել է, թե արդյոք նա տեղյակ էր «Մասկի կողմից թմրանյութերի պարբերական օգտագործման» մասին, Թրամփը պատասխանել է. «Ես տեղյակ չէի։ Կարծում եմ՝ Իլոնը ֆանտաստիկ տղա է»։