Վերջին տարիներին Ադրբեջանի գյուղերում եւ քաղաքներում աղջիկներին սկսել են բավական վաղ տարիքում կնության տալ, բացի այդ նրանց ամուսինները հարկադրում են նրանց սեռական հարաբերության մեջ մտնել` առանց հաշվի առնելու կնոջ կամքը: Նման կարծիք է հայտնել «Ռեսուրս» կանանց կենտրոնի ղեկավար Մեթանեթ Ազիզովան, գրում է «Թուրան» գործակալությունը: Աղբյուրը ներկայացնում է 14-ամյա Սենուբեր Սեմեդովայի պատմությունը, ով փախել է ամուսնուց սեռական բռնության ենթարկվելու պատճառով: Հայրը կնության է տվել նրան դեռ 12 տարեկան հասակում:
«Ծնողները աղջկան վաղ տարիքում կնության են տվել, որ նվազեցնեն տան անդամների թիվը եւ թեթեւացնեն իրենց հոգսը: Սակայն նրա 23-ամյա ամուսնու հետ պայմանավորվածություն է եղել, որ նախքան աղջկա հասունացումը սեռական հարաբերություններ նրանց միջեւ չպետք է լինեն: Ամուսինը խախտել է խոստումը եւ սեռական բռնության ենթարկել աղջկան, դրանից հետո էլ նա հարկադրված փախել է»,-գրում է «Թուրան»-ը եւ հավելում, որ Սենուբերի նման Ադրբեջանում բազմաթիվ աղջիկներ կան: Օրենսդրության համաձայն, աղջիկների չի կարելի է կնության տալ մինչեւ 17 տարեկանը լրանալը, սակայն բազմաթիվ ընտանիքներ ուշադրություն չեն դարձնում դրա վրա եւ մոլլայի միջոցով վաղ տարիքում կնության են տալիս իրենց աղջիկներին:
Փորձագետների կարծիքով, աղջիներին վաղ տարիքում են ամուսնացնում` ելնելով տնտեսական ծանր պայմաններից: «Վաղ ամուսնությունների սոցիալական խնդիրները» նախագծի կոորդինատոր Ռամիզ Սեդուլաեւի խոսքով, Ադրբեջանում վաղ ամուսնություններ հաճախ են տեղի ունենում երկրի հարավային եւ հյուսիսային շրջաններում, որտեղ աղջիները հաճախ վերածվում է ծառայի իրենց ամուսնու ընտանիքի համար: Մինչդեռ աղջիկների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ 75 տոկոսը դեմ է վաղ ամուսնությանը, սակայն ծնողների հարադրանքի պայմաններում հաճախ գնում է այդ քայլին:




























