2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, համամասնական ընտրակարգով ԱԺ կանցնեն 3 կամ 4 կուսակցություններ: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, որպես օրինակ բերելով Երեւանի քաղաքապետի ընտրությունները, երբ 3 ուժ անցավ Երեւանի Ավագանի:
«Պիտի ընդունենք, որ կան ազդեցիկ մարդիկ, որոնք հեղինակություն ունեն եւ կարող են մեծամասնականով ընտրվել եւ ԱԺ-ում ներկայացնել ընտրողներին: Միայն համամասնական ընտրակարգի դեպքում Ազգային ժողովը կտուժի»,- կարծիք հայտնեց նա, հիշեցնելով, որ օրինակ Ռուսաստանը անցել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, սակայն այդ երկրում ընտրությունների հետ կապված լուրջ բացասական արձագանքներ կան:
«1990 թվականին մեծամասնական ընտրակարգ էր, հետո անցանք աստիճանաբար համամասնականի: Արդյոք ընտրական պրոցեսները լավացե՞լ են, եւ արդյոք խորհրդարանի որակը բարձրացե՞լ է»,- նշեց Ա. Դավթյանը, հավելելով, որ Ճիշտն այն է, որ վերլուծենք, քաղաքական դեբատներ գնան, ներկայացնենք մեր քաղաքացուն, հանրաքվեի միջոցով ընտրենք լավագույնը:
Ասվածին անմիջապես հակադարձեց ասուլիսի մյուս բանախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, նշելով. «Երկիրը չեն լավացնում տանկերով եւ քաղբանտարկյալներով: Դուք բերեցիք Ռուսաստանի օրինակը, բայց նշենք, որ նույնիսկ աննախադեպ կեղծիքների պայմաններում իշխող կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի սահմանը»:
Արտակ Դավթյանի այն դիտարկմանը, թե իր համոզմամբ, ընտրություններում ընդդիմությունից կանցնի երկու ուժեղ ուժերից մեկը, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Պետք չէ որոշել, թե ով կանցնի, ընտրողն է որոշում: Ամերիկան չի քանդվել, որ այնտեղ երկու կուսակցություն կա: Եթե դուք վստահ եք, որ կանցնեք, ձեր գործընկերներին ներկայացրեք այդ արգումենտը»:




























