Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook սոցցանցի իր էջում հետաքրքիր մի պատմություն է պատմել Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի «առաջնորդ» Հեյդար Ալիևի արձանի տեղադրման, ապա ապամոնտաժման մասին։

«Մեխիկոյի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանը տեղադրելու ադրբեջանական սադրանքի խայտառակ ավարտը։ Ամեն ինչ սկսվեց տասնհինգ տարի առաջ։ «Մեքսիկա-Ադրբեջան» բարեկամության այգու ֆինանսավորման պատրվակով, ալիևյան Ադրբեջանի դեսպանությունը, խախտելով Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությունները, բռնապետի արձանը տեղադրեց հենց քաղաքի կենտրոնում։

Մեքսիկացիները ցնցված էին Ադրբեջանի դեսպանության լկտիությունից։ Բողոքի ձայներն սկսեցին ուժեղանալ, և շուտով արձանի դիմաց սկսեցին ցույցեր կազմակերպել՝ «Կորչի՛ Անդրկովկասի քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնող բռնապետի արձանը» պաստառներով։ Քաղաքային թերթերից հետո թեման բարձրացրեց նաև Մեքսիկայի ազգային մամուլը, այնպես որ Մեխիկոյի դաշնային շրջանի իշխանությունները ստիպված եղան հատուկ հանձնաժողով նշանակել՝ արձանի ճակատագիրը քննելու համար։

Շաբաթ վաղ առավոտյան, խավարի քողի տակ և ամենուրեք ներկա լրագրողներից հեռու, Մեխիկոյի իշխանություններն ապամոնտաժեցին Հեյդար Ալիևի արձանը։ Վիրավորված ադրբեջանցի դեսպան Իլգար Մահմուդովը բռնապետի արձանը վերադարձրեց դեսպանատուն, և այդ ժամանակվանից այն կանգնած է Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատանը։ Դեսպանին կարելի է հասկանալ, չէ՞ որ նա արձանի տեղադրման խարդախությամբ ոչ միայն մտադիր էր «քծնել» նախագահ Իլհամ Ալիևին, այլև գողացել է այդ նախագծի համար հատկացված միլիոնավոր դոլարները։

Դիտե՛ք ուղիղ ռեպորտաժը դեպքի վայրից», - գրել է Լապշինը՝ հրապարակելով նաև համապատասխան թեմայով տեսանյութ։