Վանաձորում թափառող շների խնդիրը շարունակում է մնալ քաղաքի առաջնահերթ լուծման ենթակա խնդիրների շարքում: Այս մասին նշել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղքապետարանի 2012 թվականի առաջին խորհրդակցության ժամանակ:

Թափառող շների վնասազերծմամբ զբաղվողներին նա կարգադրել է խստացնել ուշադրությունը, քանի որ ամանորյա աղբի թափոնների պատճառով շատացել են քաղաքի տարբեր փողոցներում թափառող շները: «Մի փոքր ուշադրությունը մեծացրեք, շներին վերացնում եք, բայց էն շների փոխարեն, որոնք հիմա չկան, լրիվ ուրիշ, նոր շներ են հայտնվել, վնասազերծելուց հետո նշեք շներին, որ երկրորդ անգամ նույն կենդանուն չհաշվառեք»,-ասաց նա:

Հավելենք, որ նախքան նոր տարին, դեկտեմբերին կայացած այսպիսի մի խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշել էր, որ 2011 թվականի բյուջեով, այս հարցի լուծման համար տրամադրվող միջոցներն ավելացվել են 20 տոկոսով, և մինչ նոր տարին արդեն խնդրի լուծումն ակնհայտ պիտի լիներ: