Ղազախստանի նախագահի ավագ դստեր` Դարիգե Նազարբաեւային ձեռքը խնդրել են հենց օն-լայն կոնֆերանսի ժամանակ:
Ամուսնալուծված Դարիգե Նազարբաեւային առաջարկություն է արել ոմն Սերիկ Մաժանովը` Էկիբաստուզ քաղաքի 50-ամյա բնակիչը: Նա հետեւյալ առաջարկությամբ է հանդես եկել. «Բարեւ Ձեզ, Դարիգա: Ես գիտեմ, որ Դուք բաժանված են: Կամուսնանա՞ք ինձ հետ: Եթե Դուք չպատասխանեք, ես կմտածեմ, որ լռությունը համաձայնության նշան է»:
Նազարբաեւան պատասխանել է, որ այդ հարցերում շտապողականությունը անտեղի է: Նա իր երկրպագուին խորհուրդ է տվել նախեւառաջ իրեն ուղարկել լուսանկար:
Օն-լայն կոնֆերանսի ընթացքում հարցեր են տվել նաեւ իր նախկին ամուսնու վերաբերյալ: Նա ասել է, որ չի մեկնաբանում այդ թեման, քանի որ դա ցավալի է իր համար, գրում է Lenta.ru -ն:
Նախագահի ավագ դուստրը երկար ժամանակ ամուսնացած էր Ռահաթ Ալիեւի հետ, ով զբաղվում էր գործարարությամբ, ինչպես նաեւ աշխատում էր ուժային կառույցներում: 2007-ին նա դարձել է քրեական գործով անցնող անձ եւ լքել Ղազախստանը: Դրանից հետո Ալիեւը հանդես է գալիս որպես Նազարբաեւի հակառակորդ: Հայրենիքում նրան հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման: Այդ սկանդալային պատմության արդյունքում Դարիգա Նազարբաեւան բաժանվել է ամուսնուց:
Դարիգա Նազարբաեւան ղեկավարում է Ղազախստանի նախագահի հիմնադրամը: Ներկա պահին նա իշխող «Նուր Օթան» կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրում խորհրդարանում:



























