Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանը ևս կալանավորվեց երկու ամսով։ Նշենք, որ երեկ բոլոր ձերբակալվածները կալանավորվել էին, իսկ Տիգրան Գալստյանի մասով որոշումը պետք է հրապարակվեր այսօր առավոտյան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում, այդ թվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։ Բագրատ Սրբազանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։
Իսկ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:





























