Հայաստանում գործընթացները մեծապես կապված են ընտրությունների հետ, կա ընտրություններում չհաղթելու վախ, բայց ոչ միայն դա։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հայաստանում ցանկացած քաղաքական ինստիտուտի նկատմամբ վստահությունը սպառվել է։
Եվ այս առումով, հեղափոխությունից հետո իշխանությունը վերցրել է օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, բանակը՝ նրանք ամեն ինչ են վերցրել։ Բայց կան որոշ ինստիտուտներ, որոնք պետության մաս չեն կազմում։ Դա եկեղեցին է։
Միաժամանակ, հարցումներից տեսնում ենք, որ վարկանիշները շատ ցածր են։ Կարծիք կա, որ ընդդիմությունից վախենալ պետք չէ, քանի որ նրա վարկանիշներն էլ ավելի ցածր են։ Սակայն կա անտարբերության հսկայական դաշտ, որը զբաղեցնում է մարդկանց վերաբերմունքի գրեթե ամբողջ հիմքը տեղի ունեցողի նկատմամբ։ Սա քաղաքական շուկա է և կա վախ, որ ինչ-որ մեկը կարող է այն վերցնել։
Եվ ո՞վ կարող է դա վերցնել։ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշն ունեցող հաստատությունը։ Այս վախը հանգեցնում է նրան, որ այս խնդիրը նույնպես պետք է լուծվի, որպեսզի ընտրություններին մոտենալիս ռիսկեր չլինեն։
Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա «Իվանիշվիլիի ստվերն» է այն իմաստով, որ խորհրդանշում է այն գումարները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Պպետությունը կարող է ինչ-որ կերպ պայքարել այն բիզնեսմենների հետ, ովքեր գումար են վաստակում այստեղ։ Բայց անհնար է պայքարել այն գումարների հետ, որոնք այստեղ չեն։ Իսկ ինչ-որ բան պետք է անել, քանի որ ո՞վ իմանա, ինչ կարող է լինել։
Կարծում եմ՝ սա իշխանությունների կողմից սխալ մեկնարկ է, քանի որ մեկ տարին երկար ժամանակ է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները մոտավորապես անում են այն, ինչ անում էին նախորդ իշխանությունները՝ սոցիալ-քաղաքական խնդիրները լուծում են տեխնիկական միջոցներով։
Այսինքն՝ մարդկանց կարելի է ձերբակալել, գնել, վիճաբանել, անտեսել, զրկել ազդեցության հնարավորությունից, նրանց կարելի է սահմանափակել։ Բայց սրանք տեխնիկական մեթոդներ են և այս խնդիրները չեն կարող լուծվել տեխնիկական մեթոդներով։ Ինչ-որ բան կհայտնվի։ Բոլորից լավ այդ ամենը պետք է հասկանան 2018 թվականին իշխանության եկած մարդիկ», - նշել է Իսկանդարյանը։





























