Նախնական տվյալներով Ղազախստանի խորհրդարանի մեջլիսի պատգամավորների եւ տեղական ներկայացուցչական մարմինների ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է ընտրողների ցուցակի 75,07%-ը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ԿԸՀ-ն:

Ընտրողների ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Ալմաթիի շրջանում (92,6%), իսկ ամենացածրը` Ալմաթիում (41,38%).:

Հունվարի 15-ին Ղազախստանում կայացել են խորհրդարանի Մեջլիսի (ստորին պալատ) ընտրություններ` կուսակցական ցուցակներով, եւ տեղական ներկայացուցչական մարմինների բոլոր մակարդակների պատգամավորների ընտրություններ:

Ցուցակում ընդգրկվել էին Ղազախստանի քաղաքական յոթ կուսակցություններ` «Նուր Օթան» («Հայրենիքի խորհուրդ»), «Ակ Ժոլ» («Լուսավոր ճանապարհ»), Ղազախստանի հայրենասերների, Կոմունիստական ժողովրդական,  «Ադիլետ» («Արդարություն») կուսակացությունները, ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատները եւ «Աուիլ» կուսակցությունը:

Exit poll-ի տվյալներով` Մեջլիս են անցնում երեք կուսակցություններ` իշխող Նուր Օթան» կուսակցությունը`81%, «Ակ Ժոլ»-ը` 7,3% եւ Կոմունիստական կուսակցությունը` 7,3%:

Ինչպես տեղեկացնում են քաղաքացիական ակտիվիստները, ընտրությունների ընթացքում խախտումներ են նկատվել: Որոշ դիտորդներ քվեաթերթիկների լցոնումներ են արձանագրել, ընտրողների զանգվածային մատակարարում, այսպես կոչված` «կարուսել»: Այս ընտրախախտումները նրանք արձանագրել են տեսախցիկով, հաղորդում է CA-News-ը: