ԱՄՆ նախագահի վեց թեկնածուներից մեկը` Յութայի նախկին նահանգապետ եւ Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հանրապետական Ջոն Հանթսմանը որոշել է դուրս գալ նախագահի աթոռի համար մղվող պայքարից` փրայմերիզի ցածր արդյունքների պատճառով:

Քաղաքական գործիչն անհաջող արդյունք է գրանցել Նյու Հեմփշիր եւ Այհովա նահանգներում:  Ջ. Հանթսմանի հնարավորությունները Հարավային Կարոլինայի փրայմերիզում եւս ցածր են գնահատվում:

Հանթսմանը որոշել է աջակցել Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուին` Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին: Այս քաղաքական գործիչը «փղերի» ֆավորիտն է համարվում: Քաղաքագետները կարծում են, որ Ջ. Հանթսմանը բարդ որոշում է կայացրել` պաշտպանելով ԱՄՆ նախագահի այն թեկնածուին, որի նախընտրական ծրագիրը «անբովանդակ» է համարում, գրում է rbc-ն` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Պաշտոնապես ընտրապայքարը թողնելու մասին քաղաքական գործիչը պետք է հայտարարի հունվարի 16-ին` Հարավային Կարոլինայում կայանալիք կուսակցական միջոցառման ընթացքում:

Ըստ Gallup հետազոտող ընկերության հարցման տվյալների` ամերիկացիների համարյա կեսը չգիտի` ում օգտին կքվեարկի սպասվող նախագահական ընտրություններին: Ավելին, 46 տոկոսը կարծում է, որ նախագահի առաջադրված թեկնածուներից ոչ մեկն էլ չի կարող հաղթահարել երկրի ղեկավարի դերը: