ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, որոնք հիմք են տալիս Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ, նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Ալեն Սիմոնյանը նաև ներկայացրել է մի հատված՝ Հրայր Հակոբյան-Իգոր Սարգսյան զրույցից։
«Հ.Հակոբյան
- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան
- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան
- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ»:
ԱԺ–ի վաղը կայանալիք արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներ Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ միասին ամենայն հավանականությամբ կքննարկվի նաև Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։





























