Օկլահոմա նահանգում մանկաբույժը մեղադրվում է սպանության մեջ, իշխանությունները հայտնում են, որ նա Մայամիի արվարձանում արձակուրդի ժամանակ բեմականացրել է հարազատ դստեր դժբախտ պատահարից մահը:
36-ամյա բժշկուհի Նեհա Գուպտան ձերբակալվել է Օկլահոմա Սիթիում առաջին աստիճանի սպանության կասկածանքով և սպասում է Ֆլորիդա արտահանձնմանը՝ իր դստեր հունիսի 27-ի մահվան առնչությամբ, հաղորդում է NBC News-ը:
4-ամյա աղջնակն անգիտակից վիճակում հայտնաբերվել է առանձնատան լողավազանում։
Ըստ ցուցմունքների՝ Գուպտան հունիսի 25-ին Օկլահոմայից մեկնել է Ֆլորիդա և Մայամիից հյուսիս ընկած Էլ Պորտալեում տուն վարձակալել։
Գուպտան պատմել է, որ ինքն առավոտյան ժամը 3:20-ի սահմաններում արթնացրել է աղմուկից և տեսել, որ դուստրն անկողնում չէ: Նա պատմել է, որ բակի սահող ապակե դուռը բաց էր, չնայած նրան, որ քնելուց առաջ ինքն այն կողպել էր։ Գուպտան հայտարարել է, որ «այնուհետև նա տեսել է, թե ինչպես է մահացած զոհը սուզվում առանձնատան լողավազանում»։
Կինը պատմել է, որ փորձել է դստերը լողավազանից դուրս հանել, բայց չի կարողացել դա անել, քանի որ լողալ չգիտի։
Գուպտան նշել է, որ 10 րոպե փորձել է օգնել աղջկան, նախքան 911 զանգահարելը: Շտապօգնության բժիշկները արհեստական շնչառություն են տվել, սակայն հիվանդանոցում արձանագրվել է աղջկա մահը, ասվում է ցուցմունքներում, որը մեղադրյալն արել է երդում տալուց հետո:
Դիահերձման ժամանակ ախտաբանական կազմախոսության մասնագետը պարզել է, որ աղջկա թոքերը և ստամոքսը չոր են, իսկ բերանի կտրվածքները և այտերի վրա կապտուկները «չեն համապատասխանում» փրկարարների գործողություններին։
Փորձագետը եզրակացրել է, որ աղջնակը մահացել է, նախքան նրան լողավազան իջեցնելը։ Չնայած մահվան պատճառն ու եղանակը դեռևս պարզված չեն, դատաբժշկի նախնական եզրակացությունները ցույց են տալիս, որ աղջկա վնասվածքները համապատասխանում են խեղդամահ լինելուն։
Մեղադրող կողմը հայտնել է, որ Գուպտան փորձել է թաքցնել երեխայի սպանությունը՝ վարձակալված անշարժ գույքի լողավազանում դժբախտ պատահարից ջրահեղձում բեմականացնելով:
Գրավոր ցուցմունքներում նա չի մատնանշել հնարավոր դրդապատճառը։ Ըստ փաստաթղթի՝ Գուպտան խնամակալության համար վեճի մեջ էր նախկին ամուսնու հետ, երբ նրանց դուստրը մահացավ։





























