Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հինգշաբթի որոշում է ընդունել, որ Ֆրանսիան իրավունք ունի պայմանական տուգանքներ կիրառել կլիմայական ակտիվիստների նկատմամբ՝ 2019 թվականին քաղաքապետարաններից նախագահի պաշտոնական դիմանկարները գողանալու և ցույցեր անցկացնելու համար, հաղորդում են Ֆրանսպրես գործակալոթյունը և France 24-ը։
Տասնմեկ ցուցարարներ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ Ֆրանսիան խախտել է իրենց խոսքի ազատության իրավունքը։ Սակայն ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ֆրանսիան չի միջամտել ակտիվիստների արտահայտման իրավունքին, և որ դատավարությունը կարող է իրականում համարվել «նրանց հաղորդակցման ռազմավարության մի մասը»։
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող դատարանը հավելել է, որ 200-500 եվրոյի չափով պայմանական տուգանքները «հնարավոր ամենամեղմ պատժամիջոցների» շարքում են և, հետևաբար, անհամաչափ չեն։
Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքապետարանում կա նախագահի դիմանկար, որտեղ Էմանուել Մակրոնը պատկերված է իր սեղանի եզրին նստած՝ երկու բջջային հեռախոսով և Ֆրանսիայի դիմադրության հերոսի և հետպատերազմյան նախագահ Շառլ դը Գոլի հուշագրություններով։
2019 թվականի դիմանկարների գողության հետևում կանգնած Non-Violent Action COP21 (ANV-COP21) խումբը հայտնել է, որ այդ տարի Ֆրանսիայում գողացվել է մոտ 130 լուսանկար։ Նրանք հայտնել են, որ «բարոյական պարտականություն» ունեն գործելու այն բանի ֆոնին, ինչը նրանք անվանել են Մակրոնի կառավարության անգործություն կլիմայի փոփոխության հարցում։
ՄԻԵԴ գործով 11 հայցվորները սպառել են Ֆրանսիայում բոլոր իրավական հնարավորությունները՝ ստորին դատարաններից մինչև գերագույն դատարան, երեք առանձին գործերով՝ Փարիզում և Ֆրանսիայի արևելքում գտնվող երկու այլ վայրերում դիմանկարների գողությունից հետո։ Սակայն, 2019 թվականի միջադեպից հետո Ֆրանսիայի բարձրագույն դատարանը փոխել է իր դիրքորոշումը։
2023 թվականին դատարանը հաստատել էր նախագահի լուսանկարը գողանալու համար ակտիվիստների մեկ այլ խմբի արդարացման դատավճիռը՝ պնդելով, որ դա նրա արժանապատվության դեմ հարձակում չէ, և որ կլիմայի փոփոխությունը «ընդհանուր շահերից» բխող հարց է։
Դատավճռում նշվել է նաև, որ Մակրոնի պաշտոնական լուսանկարներն առանց շրջանակի արժեն ընդամենը 8,90 եվրո։ Այդ ժամանակվանից ի վեր նմանատիպ գործերով այլ մեղադրյալներն արդարացվել են։





























