Նամիբիայի կառավարությունը հայտարարել է պետական հուղարկավորությունների ժամանակավոր արգելքի մասին՝ ծախսերի աճի վերաբերյալ քննադատության ֆոնին, հաղորդում է BBC News-ը։
Կառավարությունը հայտարարել է, որ միայն նախագահ Նետումբո Նանդի-Նդայթվան հուղարկավորությունները մորատորիումից ազատելու լիազորություն ունի։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Էմմա Թեոֆելուսը հայտարարություն է արել այս շաբաթվա սկզբին կառավարության նիստից հետո։ Նա ասել է, որ մորատորիումը կտևի մինչև 2026 թվականի ապրիլը, մինչ վերանայող հանձնաժողովը կուսումնասիրի «պաշտոնական հուղարկավորությունների անցկացմանն առնչվող չափանիշներն ու ընթացակարգերը»։
Թեոֆելոսը հայտնալ է, որ վերանայումն անցկացնելու համար կստեղծվի «ոչ ավելի, քան յոթ անդամից» բաղկացած հանձնաժողով։ Կառավարությունը չի նշել, թե արդյոք որոշումը կապված է բազմաթիվ պետական հուղարկավորությունների ծախսերի աճի վերաբերյալ ահագնացող քննադատության հետ, ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Մասնավոր Windhoek Observer պարբերականը հայտնել է, որ մորատորիումի կոչեր են արվել դեռևս 2021 թվականին, երբ հայտնի դարձավ պաշտոնական հուղարկավորությունների արժեքի աճը, հատկապես ՔՈՎԻԴ-19 համավարակի գագաթնակետին։ Այն մեջբերել է վարչապետ Էլիջա Նգուարեի այս տարվա սկզբին արած այն հայտարարությունը, ըստ որի պաշտոնական հուղարկավորությունը կառավարությանը կարժենա 38,4 միլիոն նամիբիական դոլար (2,2 միլիոն ԱՄՆ դոլար) 2024/2025 ֆինանսական տարում։ Համեմատության համար նշենք, որ լրատվական կայքի տվյալներով՝ 2022/2023 ֆինանսական տարում 23 հուղարկավորության վրա ծախսվել է ընդամենը 2,1 միլիոն նամիբիական դոլար։
The Observer-ը հաղորդել է, որ պետությունը 30 միլիոն նամիբիական դոլար է ծախսել միայն հիմնադիր նախագահ Սեմ Նույոմայի մարմինը երկրով մեկ տեղափոխելու համար՝ այս տարվա փետրվարին նրա պետական հուղարկավորությունից առաջ։
Նույոման, որը մահացել է 95 տարեկանում, 1960-ականներին Նամիբիայի ազատագրական շարժման՝ Հարավարևմտյան Աֆրիկայի ժողովրդական կազմակերպության (Swapo) հիմնադրմանը նպաստելուց հետո գլխավորել է Հարավային Աֆրիկայից անկախության համար երկարատև պայքարը։ Անկախությունից հետո Նույոման 1990 թվականին դարձավ նախագահ և մինչև 2005 թվականը ղեկավարեց երկիրը։





























