ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ «շատ դժգոհ է» իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ հեռախոսազրույցից՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահը պարզապես ցանկանում է «շարունակել մարդկանց սպանելը»։

«Սա շատ բարդ իրավիճակ է։ Ես արդեն ասել եմ, որ շատ դժգոհ էի նախագահ Պուտինի հետ իմ զրույցից։ Նա ուզում է գնալ մինչև վերջ, պարզապես շարունակել մարդկանց սպանել, դա լավ չէ», - ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում։

Թրամփը նաև ակնարկել է, որ, հնարավոր է, վերջապես պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք վերջին վեց ամիսներին չի կիրառել՝ փորձելով համոզել Պուտինին դադարեցնել պատերազմը։

«Մենք շատ ենք խոսում պատժամիջոցների մասին, - ասել է Թրամփը։ - Նա հասկանում է, որ դա կարող է տեղի ունենալ»։

Թրամփը հավելել է, որ ուրբաթ օրը իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև «շատ ռազմավարական զրույց» է տեղի ունեցել, քանի որ Կիևում աճում են մտավախությունները ամերիկյան ռազմական օգնության մատակարարումների շուրջ։