Եվրամիությունը նախատեսում է ստեղծել կարևորագույն օգտակար հանածոների պաշարներ՝ որպես նախազգուշական միջոց աշխարհաքաղաքական լարվածության պատճառով մատակարարումների հնարավոր խափանումների դեմ, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի փաստաթղթի նախագծին։

«ԵՄ-ն բախվում է ռիսկերի ավելի ու ավելի բարդ և վատթարացող իրավիճակի, որին բնորոշ են աշխարհաքաղաքական լարվածության աճը, այդ թվում՝ հակամարտությունները, կլիմայի փոփոխության աճող հետևանքները, շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը, ինչպես նաև հիբրիդային և կիբերսպառնալիքները», - մեջբերում է թերթը նախագծի տեքստը։

Փաստաթղթում նախազգուշացվում է, որ բարձր ռիսկային միջավայրը պայմանավորված է «հաքթիվիստների, կիբերհանցագործների և պետական հովանավորությամբ գործող խմբերի աճող ակտիվությամբ», հայտնում է FT-ն։

Փաստաթղթի նախագծում, որը պետք է հրապարակվի հաջորդ շաբաթ և որում դեռ կարող են փոփոխություններ կատարվել, ասվում է, որ գոյություն ունի «սահմանափակ ընդհանուր պատկերացում այն մասին, թե առաջին անհրաժեշտության որ ապրանքների կարիք կա՝ ռիսկերի արագ փոփոխվող պատկերի ֆոնին ճգնաժամերին պատրաստվածություն ապահովելու համար», հայտնում է թերթը։

Մարտին Եվրահանձնաժողովը հրապարակել է Պատրաստվածության ապահովման ԵՄ իր ռազմավարությունը՝ կոչ անելով անդամ պետություններին ավելացնել կրիտիկական նշանակության սարքավորումների պաշարները, իսկ քաղաքացիներին՝ արտակարգ իրավիճակների դեպքում առնվազն 72 ժամվա համար անհրաժեշտ պաշարներ հավաքել։

Ռազմավարությունը մշակվել է դաշինքը այնպիսի ռիսկերի նախապատրաստելու համար, ինչպիսիք են բնական աղետները, կիբերհարձակումները և աշխարհաքաղաքական ճգնաժամերը, ներառյալ՝ ԵՄ երկրների դեմ զինված ագրեսիայի հնարավորությունը։