Ուրբաթ օրը Մեխիկոյի՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի թաղամասերում ջենտրիֆիկացիայի և զանգվածային զբոսաշրջության դեմ հարյուրավոր մարդկանց խաղաղ մեկնարկած բողոքի ակցիան վերածվել է բռնության, երբ մի փոքր խումբ սկսել է ջարդել խանութների ցուցափեղկերը և անհանգստացնել օտարերկրացիներին, հայտնում է Associated Press-ը։

Դիմակավորված ցուցարարները ջարդել են ցուցափեղկերը և թալանել Կոնդեսա և Ռոմա զբոսաշրջային շրջանների թանկարժեք խանութները, ինչպես նաև գոռգոռացել տարածքում գտնվող զբոսաշրջիկների վրա։

Քարերով կոտրված ապակիների վրա գրված էր. «Հեռացե՛ք Մեքսիկայից»։ Ցուցարարները ձեռքներին պահում էին «Գրինգո, դադարեք գողանալ մեր տները» գրությամբ պաստառներ և պահանջում էին ընդունել տեղական օրենքներ, որոնք ավելի լավ կկարգավորեին զբոսաշրջության մակարդակը, և խստացնել բնակարանային օրենսդրությունը։

Դա դարձավ օրվա ընթացքում տեղի ունեցած ավելի խաղաղ երթի բուռն ավարտը, որը կոչ էր անում պայքարել վերջին տարիներին Մեքսիկայի մայրաքաղաքը հեղեղած, հիմնականում ամերիկացի զբոսաշրջիկների հոսքի դեմ։

Քաղաքում լարվածությունն աճում էր այն պահից, երբ 2020 թվականին Մեխիկո հոսեցին ամերիկացի «թվային քոչվորները», որոնցից շատերն ԱՄՆ-ում խուսափում էին կորոնավիրուսային վարակից կամ օգտվում էին լատինաամերիկյան քաղաքում բնակարանների վարձակալության ավելի ցածր գներից։