Հետազոտողները հայտնաբերել են սաթե բրածոներ, որոնք «զոմբի-սնկով» վարակվելու հնագույն հայտնի օրինակն են. դրանք մոտ 99 միլիոն տարեկան են։ Սա նշանակում է, որ մակաբույծ սնկերը բարգավաճում էին դինոզավրերի դարաշրջանում։

Միլիոնավոր տարիներ առաջ որոշ միջատներ ծուղակն են ընկել ծառի խեժի մեջ, որը հետագայում քարացել է՝ առաջացնելով այն, ինչ հայտնի է որպես սաթ։ Այժմ գիտնականները հայտնաբերել են 99 միլիոն տարեկան մի նմուշ, որը զոհվել է ոչ թե դինոզավրերի թաթերից կամ ծառի խեժից. միջատների մահվան պատճառը դարձել է մի բան, որն անհնար է նկատել անզեն աչքով, գրում է IFLScience-ը։

Ըստ հետազոտողների, միջատներին սպանողն իրականում սավառնել է կավճի ժամանակաշրջանի օդում։ Խոսքը մակաբույծի մասին է, որը ներթափանցում է իր զոհերի մեջ և սպասում իր ժամին՝ նրանց զոմբիի վերածելու և իրեն ձեռնտու դիրք ուղարկելու համար, հայտնում է Фокус-ը։ Այնուհետև մակաբույծը դուրս է պոկվում տիրոջ հյուսվածքներից և տարածում իր սպորները։

Գիտնականները պարզել են, որ այս միջատներին ախտահարած սնկային պաթոգենը պատկանել է մի ընտանիքի, որը գիտնականներին հայտնի է Ophiocordyceps unilateralis անվամբ։ Այժմ բրածո մնացորդների հայտնաբերումը համարվում է մակաբույծ սնկերով միջատների վարակման հնագույն հայտնի ապացույցը։

Ըստ հետազոտության համահեղինակի, Լոնդոնի բնության պատմության թանգարանի գիտաշխատող, պրոֆեսոր Էդմունդ Յարժեմբովսկու, զարմանալի էր այն, որ բնական աշխարհի որոշ տարօրինակություններ, որոնք մենք այսօր դիտում ենք, առկա են եղել Երկրի վրա նաև դինոզավրերի դարաշրջանի ամենաթեժ շրջանում։

Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ բացի գեղագիտական գրավչությունից, բրածոները նաև էնտոմոպաթոգեն սնկերի վաղ էվոլյուցիայի հազվագյուտ պատկերն են տալիս։ Թեև մարդկանց տեսանկյունից դրանց կենսական ցիկլը բավականին մռայլ է, զոմբի-սնկերը կարող են իրենց ներդրումն ունենալ շրջակա միջավայրում՝ զսպելով ծաղկող պոպուլյացիաները։

Զոմբի-սնկերով վարակումները մահացու են, և այդ պատճառով Ophiocordyceps-ը և նրա բրածո ազգականները, հավանաբար, կարևոր դեր են խաղացել կավճի ժամանակաշրջանի կեսերին միջատների պոպուլյացիաների վերահսկման գործում, ինչպես դա անում են նրանց ժամանակակից անալոգները։

Ըստ Յարժեմբովսկու, այս տեսակի մակաբուծության գոյության ապացույցների հայտնաբերումը աներևակայելի հազվադեպ է, քանի որ հայտնաբերման համար պահանջվում են փափուկ հյուսվածքներ։ Նման վաղեմության տիպիկ բրածոներում փափուկ հյուսվածքները դժվար թե կարողանային պահպանվել, սակայն սաթը թույլ է տվել, որ թանկարժեք տեղեկատվությունը պահպանվի։ Սա հայտնագործությունն աներևակայելիորեն կարևոր է դարձնում։ Բացի այդ, գիտնականները կարողացել են անվանել երկու նոր տեսակ՝ Paleoophiocordyceps gerontoformicae և Paleoophiocordyceps ironomyiae։