Սպիտակ տանը օտարերկրյա առաջնորդների պաշտոնական այցերը մի ժամանակ կապված են եղել անձնական դիվանագիտության, դաշնակիցների հետ ձեռքսեղմումների և ուշադիր պլանավորված լուսանկարահանումների հետ։ Սակայն Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձով ամեն ինչ փոխվել է. «Օվալաձև աշխատասենյակն» այժմ ավելի շատ նման է ռեալիթի շոուի կամ բռնցքամարտի ռինգի, խոստովանում են նախկին դիվանագետները, հաղորդում է CNN-ը։
Սա հատկապես ակնհայտ է եղել փետրվարին, երբ Թրամփը լրագրողների առջև հրապարակավ հանդիմանել է Ուկրաինայի նախագահ Վոլոսիմիր Զելենսկուն «բավականաչափ երախտապարտ չլինելու» համար, իսկ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը յուղ է լցրել կրակի վրա։ Ուկրաինային լրացուցիչ օգնության շուրջ վեճի թեժ պահին Թրամփը սպառնացել է «լքել» Կիևը՝ հանդիպումը վերածելով վեճի։
Այդ ժամանակվանից ի վեր օտարերկրյա առաջնորդները Միացյալ Նահանգներ այցելություններին պատրաստվել են բոլորովին այլ կերպ։ «Հիմա ձեզ անհրաժեշտ է դիվանագիտական ձյուդո, տրոլինգ կամ նույնիսկ «հյուսիսկորեական» մակարդակի շողոքորթություն։ Գլխավորը երբեք Թրամփին հրապարակավ չհակասելն է», - ասել է Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն։ Նրա խոսքով՝ Թրամփը չի հանդուրժում «անհարմար դրության մեջ հայտնվելը»։
Ինչպես ցույց է տվել Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած պատմությունը, նույնիսկ Թրամփի մտերիմ դաշնակից Բենիամին Նեթանյահուն փորձել է խուսափել հակամարտությունից։ Գազայում հրադադարի անհրաժեշտության մասին Թրամփի կոշտ խոսքերից հետո իսրայելական կողմը արագ համաձայնել է առաջարկվող 60-օրյա հրադադարի ծրագրին։
Նոր Սպիտակ տուն
Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը ասել է, որ Թրամփի մոտ այցը «ներկայացում» է, որտեղ Թրամփը հանդես է գալիս որպես ալֆա-ղեկավար, հրապարակայնորեն նվաստացնելով ու դավաճանելով մյուսներին։ «Այցերը նրա համար իրեն ցույց տալու հնարավորություն են», — պարզաբանել է դիվանագետը CNN-ին։
ԱՄՆ-ում Մեքսիկայի նախկին դեսպան Արթուրո Սարաուկանը նման հանդիպումները անվանել է «դիվանագիտական վանդալիզմ և տրոլինգ»։ Նրա խոսքով՝ Թրամփը երկրորդ ժամկետում իրեն ավելի վստահ է զգում և «ավելի բացահայտ է շարժվում գործարքային սկզբունքով՝ չվարանելով դաշնակիցներին կախվածության մեջ դնել առևտրային զիջումներից»։
«Եվրոպացի առաջնորդները խուճապի մեջ են և որոշակիորեն ժխտում են իրավիճակը։ Նրանք չգիտեն, թե ինչպես վարվել դրա հետ», - խոստովանել է Արոն։
«Չշեղվելով ճանապարհից»
Բուշի կամ Օբամայի օրոք այցերը մանրակրկիտ պատրաստվում էին ամիսներ շարունակ, ամեն ինչ կառուցված էր փոխադարձ հարգանքի և «մարդկային» շփման հնարավորության վրա։ «Դու պետք է վերաբերվես այցին հարգանքով, որպեսզի այն շահավետ լինի երկու կողմերի համար», - ասել է Ռուֆուս Գիֆորդը՝ Սպիտակ տան դիվանագիտական արարողակարգի նախկին ղեկավարը։
Հիմա ամեն ինչ այլ է։ «Թրամփի Սպիտակ տունը բյուրոկրատական մեքենա չէ, այլ ավելի շատ դատական համակարգ։ Առանց Թրամփի կամ նրա ընտանիքի հետ անձնական մուտքի, դժվար է որևէ բան անել», - ասել է Արոն։
«Գոյատևման» խորհուրդներ
Սարաուքանն ու Լանդսբերգիսը խորհուրդ են տալիս պատրաստվել «հեռուստատեսաշոուի» և հիշել, որ նույնիսկ ամենափոքր անհամաձայնությունը կարող է տեսախցիկների առաջ վերածվել սկանդալի։ «Թրամփը սիրում է պահել մյուս առաջնորդներին լարված վիճակում», - ընդգծում է Գիֆորդը։
Հարոն հիշում է, որ 2017 թվականին Մակրոնի հետ հանդիպումից առաջ նախազգուշացրել Է Ելիսեյան պալատին Թրամփի ֆիրմային «մարդասպան» ձեռքսեղմման մասին։ «Պետք է պատրաստ լինել կոշտության և գերիշխանության», - ասել է նա:
Գլխավոր կանոնը Թրամփին շողոքորթելն է, շնորհակալություն հայտնելը և խոսելու հնարավորություն տալը։ «Կա նույնիսկ «հյուսիսկորեական» պահ, որի ժամանակ դուք պետք է թույլ տաք նրան խոսել ու խոսել», - ասել է Արոն։ «Եվ մհույս մի ունեցեք, թե կկարողանաք նրան հաղթել բանակցություններում՝ նա որոշումներն ընդունում է ակնթարթորեն»։
Ռիսկ և պարգև
Եվ այնուամենայնիվ, շատ առաջնորդներ շարունակում են այցեր կատարել, չնայած հրապարակային նվաստացման ռիսկին։ Փոքր երկրների համար նման այցը հաճախ միակ հնարավորությունն է՝ օրինակ՝ Ռուսաստանի կողմից ներկայացվող վտանգի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ուղիղ ձևով ներկայացնելու համար,
«Բայց հույս ունենալ, որ ամեն ինչ կարող է լինել «առաջվա նման»՝ միամտություն է», - եզրափակել է Գիֆորդը։




























