Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը կրկին ակտիվացել է երկուշաբթի օրը՝ արտանետելով մինչև 18 կիլոմետր բարձրությամբ մոխրապատ նյութերի սյուն և մոխրով ծածկելով հարակից գյուղերը, հաղորդում է AP-ը։

Ինդոնեզիայի երկրաբանական գործակալության տվյալներով՝ ժայթքման ժամանակ հրաբուխը նաև մոխրի և գազերի տաք հոսքեր է արտանետել իր լանջերով։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Հունիսի 18-ի հզոր ժայթքումից հետո Լևոտոբի Լակի-Լակիի համար տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույնը։ Այդ ժամանակվանից ի վեր արգելված գոտին ավելի քան երկու անգամ ընդլայնվել է՝ հասնելով 7 կիլոմետր շառավղի, քանի որ հրաբուխը շարունակում է պահպանել բարձր ակտիվություն։

Լևոտոբի Լակի-Լակի հրաբխի ժայթքումներն արդեն իսկ ողբերգություններ են առաջացրել. անցյալ տարվա նոյեմբերին ինը մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են: Այս գարնանը գրանցվել է ևս մեկ ակտիվություն:

1584 մետր բարձրությամբ Լևոտոբի Լակի-Լակի լեռը Արևելյան Ֆլորես շրջանում հարևան Լևոտոբի Պերեմպուանի հետ միասին հրաբխային «երկվորյակի» մաս է կազմում։

Ինդոնեզիան կղզեխումբ է, որի բնակչությունը կազմում է մոտ 270 միլիոն մարդ, այն գտնվում է այսպես կոչված «կրակի օղակի» գոտում՝ Խաղաղ օվկիանոսի շրջակայքում սեյսմիկ ակտիվության և հրաբխային վտանգի բարձրացման շրջան: Երկրում կա մոտ 120 ակտիվ հրաբուխ։