Դելիի Բարձրագույն դատարանը երկուշաբթի մերժել է թուրքական Celebi Airport Services India ընկերության հայցը, որով վերջինս փորձում էր վիճարկել Հնդկաստանի կառավարության որոշումը՝ չեղյալ համարելու երկրի օդանավակայաններում գետնային սպասարկման ծառայություններ մատուցելու թույլտվությունը։ Դրա մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հակամարտությունը սկսվել է Թուրքիայի դիրքորոշումից հետո, որը մայիսին հրապարակավ աջակցեց Պակիստանին Հնդկաստանի հետ ռազմական բախման ժամանակ։ Այս քայլը բացասական արձագանք առաջացրեց Նյու Դելիում և հանգեցրեց Celebi-ի թույլտվության չեղարկմանը՝ «ազգային անվտանգության շահերից ելնելով»։
Ընկերությունն իր դատական հայցում պնդել է, որ աշխատանքային թույլտվությունների կասեցումը կարող է ազդել գրեթե 3800 աշխատակցի վրա և խաթարել օտարերկրյա ներդրողների վստահությունը։ Celebi-ն շեշտել է, որ իշխանությունների որոշումն ընդունվել է առանց նախնական ծանուցման կամ հիմնավորման։
Հնդկաստանի իշխանությունները, իրենց հերթին, պնդում են, որ մի շարք դեպքերում ազգային անվտանգության նկատառումները գերակա են դատավարական արդարության սկզբունքների նկատմամբ։ Ըստ Հնդկաստանի գլխավոր դատախազ Տուշար Մեհտայի՝ օդանավակայանների գետնային սպասարկման ոլորտում գործող ընկերությունները հասանելիություն ունեն կարևորագույն ենթակառուցվածքներին և զգայուն տվյալներին, մասնավորապես՝ VIP ուղևորների տեղաշարժի վերաբերյալ տեղեկությանը։




























