Ֆրանսիայի հարավ-կենտրոնական Օրիլակ քաղաքում մեղուների անսովոր հարձակման հետևանքով 24 մարդ հոսպիտալացվել է, հայտնել է Կանտալ դեպարտամենտի պրեֆեկտուրան։ Տուժածներից երեքը ծանր վիճակում են եղել, սակայն նրանց վիճակը այժմ բարելավվել է։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան և տևել է մոտ 30 րոպե։ Մեղուները փողոցում խայթել են հետիոտներին, մինչև հրշեջների և բժիշկների դեպքի վայր ժամանումը։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, մինչև միջատները հանդարտվել են։
Օրիլակի քաղաքապետ Պիեռ Մատոնյեի խոսքով՝ զոհերից մեկը՝ 78-ամյա թոշակառու է եղել, որին սրտի կանգից հետո ստիպված են եղել վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Նրա վիճակը այժմ կայուն է։ Երկու այլ տուժածներ, որոնք ծանր վիճակում են եղել, նույնպես ապաքինվում են։
Ինչպես նշել է քաղաքապետը BFM TV-ին տված հարցազրույցում, մեղուների ագրեսիան կարող է առաջացած լինել ասիական իշամեղուների կողմից, որոնք հարձակվել են քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքում ավելի քան 10 տարի առաջ տեղադրված փեթակների վրա։ Մեղվաբույծն արդեն ապամոնտաժել է փեթակը և տարել Օրիլակից դուրս։
«Ես իմ ողջ կարիերայի ընթացքում երբեք նման բան չեմ տեսել», - տեղական TF1 հեռուստաալիքին ասել է հրշեջ ծառայության ղեկավար, փոխգնդապետ Միշել Կայլան։ Նա ասել է, որ սրտի կանգ ստացած տուժածին շտապօգնության մեքենայում վերակենդանացնել են։
«Հաշվի առնելով զոհերի թիվը, փողոցներում տիրող խուճապը և վնասվածքների ծանրությունը, դա իսկապես տպավորիչ էր», - հավելել է նա։





























