Իսրայելի Պաշտպանական բանակի (ՑԱԽԱԼ) 252-րդ դիվիզիայի կազմում Գազայի հատվածում երեք ռոտացիայի ընթացքում ծառայած իսրայելցի պահեստազորայինը հազվադեպ հարցազրույց է տվել Sky News հեռուստաալիքին (NBC News-ի բրիտանական գործընկեր)՝ հայտնելով, որ իսրայելական զինված ուժերը հրամաններ են ստացել կրակ բացել քաղաքացիական անձանց վրա՝ անկախ նրանից՝ նրանք վտանգ ներկայացրել են, թե ոչ։
Զինվորի խոսքերով, ով հանդես է եկել անանուն՝ դավաճան հռչակվելու կամ հասարակության կողմից մերժվելու վախից, իր ստորաբաժանումը հաճախ է հրահանգ ստացել կրակել ցանկացած անձի վրա, ով մուտք է գործել այսպես կոչված «արգելված գոտի»։
«Մենք ունենք մի տարածք, որը մենք վերահսկում ենք և հրամանն այն է, որ ներս մտնող յուրաքանչյուր ոք պետք է մահանա», - պահեստազորի խոսքերը մեջբերել է Sky News-ը։ «Եթե նրանք ներսում են, ապա վտանգավոր են և պետք է սպանվեն։ Կարևոր չէ, թե ով է դա»։
Նրա խոսքով՝ կրակ բացել-չբացելու որոշումը հաճախ կախված է եղել բացառապես տեղում գտնվող հրամանատարի տրամադրությունից. «Նրանք կարող էին կրակել քեզ վրա, կարող էին գերի վերցնել՝ ամեն ինչ կախված է օրվանից և հրամանատարի տրամադրությունից»։
Զինվորն ասել է, որ իրենք ապրում են այն պաղեստինցիների տներում, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները: Այս ժամանակավոր բազաների շուրջ զինվորականները գծել են այսպես կոչված «անտեսանելի գիծ», որը, նրա խոսքով, հատելու դեպքում տեղի բնակիչների համար ավարտվում էր մահով: «Ասում են թե Գազայում բոլորը գիտեն, որ այս գիծը հատել չի կարելի: Բայց ինչպե՞ս պետք է նրանք դա իմանան», - ասել է նա:
Նրա նկարագրած միջադեպերի թվում է եղել Շուջայայում ավերված շենքի դիմաց մետաղի ջարդոն և արևային վահանակներ հավաքող մարդկանց վրա կրակոցները։ «Այնտեղ անկասկած ահաբեկիչներ չկային», - ասել է նա։
Զինվորն ասել է, որ սպանությունները պայմանավորված են զինվորների շրջանում տիրող ընդհանուր վերաբերմունքով. «Այստեղ անմեղ քաղաքացիական անձինք չկան»։ Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները բացահայտ քննարկել են այս հարցը և կարծում են, որ պաղեստինցիները, իբր, չեն փորձել կանխել Համասի հարձակումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, որը սկիզբ է դրել ներկայիս պատերազմին։
Պահեստազորայինը խոստովանել է, որ այժմ մեղավոր է զգում «սարսափելի մի բանի մաս կազմելու» համար՝ ընդգծելով, որ Գազայի խաղաղ բնակիչների մեծ մասը «պարզապես աղքատ մարդիկ են, որոնք ընտրություն չունեն»։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 56,000 մարդ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ ծանր վիրավորվել են։
Զինվորի հայտարարություններին ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը NBC News-ին և Sky News-ին հայտնել է, որ բանակը գործում է «միջազգային իրավունքի խիստ համապատասխան» և քայլեր է ձեռնարկում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար: «Ցանկացած պնդում այն մասին, որ գոյություն ունի «տարածված ընկալում», որ բոլոր Գազայի բնակիչները թշնամիներ են, չի արտացոլում Իսրայելի պաշտպանության բանակի արժեքները կամ նրա զորքերին տրված հրահանգները», - ասվել է հայտարարության մեջ:




























