Ընդդիմությունը աղոթում է և միայն դրանից հետո սկսում քննարկել կառավարությունը բռնի կերպով տապալելու եղանակներն ու հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ հուլիսի 8-ին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի դեմ հանրային քրեական հետապնդում սկսելու համաձայնության միջնորդագրի քննարկման ժամանակ։
Պատգամավորի խոսքով, եթե իրենց առաջնորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ապա բավականին տրամաբանական է, որ կաթողիկոսը պետք է լինի Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի աշխարհիկ անունը)։ «Նրանք աղոթում են, իսկ հետո քահանան սկսում է խոսել այն մասին, թե ինչպես պետք է մարդկանց գնդակահարել, ինչպես պետք է ավտոմեքենաների անվադողերը ծակել, որպեսզի դա հանգեցնի անսպասելի ավտովթարների՝ մահվան ելքով այն մարդկանց համար, ում ինքը մկրտել կամ ամուսնացրել է։ Կարո՞ղ եք պատկերացնել այս մարդկանց աստվածանարգության մակարդակը։ Ինչքա՞ն պետք է անտարբեր լինել ամեն ինչի հանդեպ։ Ահա այսպիսին է նրանց բարոյական կերպարը։ Սա է նրանց բարոյական կերպարը», - ասել է Հովհաննիսյանը՝ կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը։





























