Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ Թեհրանը «խնդիր չի տեսնում» միջուկային բանակցությունները վերսկսելու հարցում, սակայն ցանկանում է երաշխիքներ, որ Իսրայելը կրկին չի հարվածի Իրանին դիվանագիտական գործընթացի ընթացքում:
Ամերիկացի պահպանողական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում Պեզեշկիանը շեշտել է. «Մենք դեմ չենք բանակցություններին: Սակայն այն վայրագությունները, որոնք Իսրայելը կատարում է տարածաշրջանում և մեր երկրի դեմ, արդեն հանգեցրել են ճգնաժամի»:
Նրա խոսքով՝ բանակցություններին վերադառնալը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելին թույլ չտրվի կրկին հարձակվել Իրանի վրա «հենց երկխոսության կենտրոնում»։ Նախագահը հիշեցրել է, որ հունիսի 13-ին Իսրայելը կատարել է «աննախադեպ և չհրահրված ագրեսիա», որի ընթացքում զոհվել են իրանցի գեներալներ, միջուկային գիտնականներ և քաղաքացիական անձինք։
Պեզեշկյանը նաև ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում. «Իմ կարգախոսն է միասնությունը երկրի ներսում և խաղաղությունը հարևանների և աշխարհի հետ»։ Նա կրկին մերժել է Իսրայելի մեղադրանքները միջուկային զենք ստեղծելու փորձի մասին և հղում է կատարել Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվային, որն արգելում է ատոմային ռումբի մշակումը։
«Մենք լիովին համագործակցում ենք ԱԷՄԳ-ի հետ, բայց ցավում ենք, որ գործակալության վերջին գործողությունները խաթարել են մեր երկկողմ համագործակցությունը», - ասել է նա։
Իրանի նախագահը հավելել է, որ կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում երկխոսությունը խնդիրների լուծման միակ միջոցն է. «Մենք ոչինչ չենք ուզում, բացի միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքից: Հենց Նեթանյահուն է տարածաշրջանը քաոսի մեջ գցել և փորձում է խափանել ցանկացած բանակցություն»:





























