Մեկուկես ժամ տևած՝ համաշխարհային պատերազմների, ճգնաժամերի և ռմբակոծությունների քննարկումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն Կաբինետի նիստի ևս 15 րոպեն նվիրել է… ինտերիերի հարցերին։ Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, այս անգամ հիմնական թեման դարձել են նկարները, շրջանակները, մեդալիոնները և նույնիսկ առաստաղի սվաղի հնարավոր ոսկեզօծումը։

«Սա շատ կարևոր սենյակ է։ Շատ հզոր սենյակ, հիանալի սենյակ», - ասել է Թրամփը Սպիտակ տան հայտնի կաբինետի սենյակում իր վերջին փոփոխությունների մասին։ «Այն իսկապես շատ գեղեցիկ վայր է դարձել», - հավելել է նա։

Թրամփը, որին հաճախ անվանում են աշխարհի ամենաազդեցիկ «ինտերիերի դիզայներ», խոստովանել է, որ երբեմն իրեն ավելի շատ դուր են գալիս իր նկարների շրջանակները, քան հենց իրենք՝ նկարները։ Նա անձամբ ընտրել է նախագահների նոր դիմանկարներ՝ սկսած Ջորջ Վաշինգտոնից և Աբրահամ Լինքոլնից մինչև Դուայթ Այզենհաուեր և Ֆրանկլին Ռուզվելտ՝ մեծ ուշադրություն դարձնելով շրջանակների չափսին և ձևին։

«Ես սիրում եմ այս շրջանակները։ Նայեք այս շրջանակներին։ Երբեմն շրջանակներն ավելի շատ եմ սիրում, քան դիմանկարները», - ասել է նա՝ մատնացույց անելով Ջեյմս Պոլկի դիմանկարը։ Նա իր նկարները շրջանակելը նկարագրել է որպես «կատարելության որոնում»։

Թրամփը ժպիտով պատմել էմի պատմություն. թե ինչպես է պետքարտուղար Մարկո Ռուբիոյից «պատվիրել» հնաոճ ժամացույց՝ կաբինետի սենյակի համար։ «Ես ասացի. «Մարկո, ես սիրում եմ այս ժամացույցը։ Ես ուզում եմ, որ այն այնտեղ լինի»։ Սկզբում նա դժկամուն հայտնեց, բայց հետո զիջեց։ Սա է նախագահության ուժը», - կատակել է Թրամփը։

Նա նաև բացահայտել է, որ Սպիտակ տան պահոցներից հանել է հնաոճ սպասք և արծաթեղեն, որոնք այժմ զարդարում են սեղաններն ու դարակները։

«Շրջագայության» ավարտին գլխավոր հարցը առաստաղի եզրագծերը իսկական ոսկով պատելն է եղել։ Թրամփը քվեարկություն է անցկացրել իր կաբինետի նախարարների շրջանում. կրթության նախարար Լինդա Մաքմահոնը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը քվեարկել են ոսկեզօծման օգտին։

«Այն ներկել չի ​​ստացվի. այն իսկական ոսկու տեսք չունի։ Եվ ես պերֆեկցիոնիստ եմ», - ասել է նա՝ բացատրելով, թե ինչու պարզ ներկի շերտը տարբերակ չի կարող լինել։

Թրամփը նախկինում վերակառուցել է Օվալաձև սենյակը, վերանորոգել Վարդերի այգին և ծրագրեր ուներ ընդունելությունների համար պարահանդեսային դահլիճներ կառուցելու։ Այս անգամ նա որոշել է, որ կաբինետը պետք է արտացոլի ոչ միայն իշխանության ուժը, այլև «գեղեցկության զգացումը»։

«Այս լամպերը շատ կարևոր են։ Տեսնո՞ւմ եք մեդալիոնները։ Դրանք բացակայում էին։ Ես ասացի. «Մենք չենք կարող սա այսպես թողնել։ Մեզ մեդալիոններ են պետք»։ Եվ մենք գտանք դրանք», - ասել է Թրամփը՝ նայելով առաստաղին։

Շրջանակների և նկարների մասին պատմությունների միջև նախագահը հասցրել է հիշել ռազմական ինքնաթիռները, որոնք «ստիպեցին իրանցիներին փախչել» և թե ինչպես է նա մտածում նոր մաքսատուրքերի և ռմբակոծությունների մասին։