Անհուսալի վարկ ունեցող քաղաքացիներից ստացվել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը:

Նրա խոսքով, 2025 թվականի հունիսի տվյալների համաձայն՝ փոխհատուցման են ուղարկվել դրանցից 3300-3400-ը: Այս պահի դրությամբ ծրագրի վրա ծախսվել է շուրջ 398 մլն դրամ:

Վարկերի դիմումները նախարարությունն սկսել է ընդունել 2025 թվականի փետրվարի 1-ից:

«Այս ամիսների ընթացքում մենք ունենք մի կարևոր ցուցանիշ, որ աշխատանքի է ընդունվել շուրջ 1000 շահառու, և հենց ընդունվելուց հետո դարձել է շահառու»,- ասաց նա:

Անհուսալի վարկ ունեցողների աջակցության ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, երկքաղաքացիները և ՀՀ ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք, որոնք ունեն 3 տարուց ոչ պակաս վաղեմությամբ անհուսալի վարկեր, որոնց անհուսալի վարկերը չեն գերազանցում 1 մլն դրամը: Պարտադիր պայման է, որ աջակցության դիմող քաղաքացին, ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն, լինի աշխատող և ստանա աշխատավարձ:

Ըստ Արմեն Մարգարյանի՝ անհուսալի վարկ ունեցող քաղաքացիների դիմումների մերժման հիմքում վերոնշյալ կետերից մեկին չհամապատասխանելն է:

«Ծրագրի պարտադիր պահանջներից շահառուի աշխատանք ունենալու հանգամանքը ուղղակի կամ անուղղակի նպաստում է նրանց զբաղվածության օրինական դաշտ վերադառնալուն։ Քանի որ քիչ չեն դեպքերը, երբ վարկային խնդիրներ ունեցող քաղաքացին կամ չգրանցված աշխատող է լինում կամ եթե գրանցվում է, ապա շատ քիչ աշխատավարձով, որպեսզի ԴԱՀԿ-ն ամբողջ վաստակածը չգանձի։ Արմեն Մարգարյանը նշեց, որ այս ընթացքում ծրագրի շահառու դառնալով պայմանավորված, աշխատանքի նոր ընդունվել է 1000 մարդ։ Ծրագրի շահառու դառնալով քաղաքացիները նաև որոշակի շահեկան իրավիճակում են հայտնվում տույժ տուգանքների հարցում։ 

«Ծրագրի շահառուին պետք է օգնենք տույժ, տուգանքների հարցում։ Կա հստակ պայմանավորվածություն, որ բանկը, ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է 80 տոկոսի չափով վերացնել վարկի տույժ, տուգանքները։ Շահառուն այն 20 տոկոսը պետք է մարի»,-ասաց Արմեն Մարգարյանը։ 

Վերջերս փոփոխություն է կատարվել պահանջներից մեկում։ Նախկինում նշվում էր, որ պետք է դիտարկվեն լիցենզավորված կազմակերպություններից ստացած վարկերը։ Այժմ դիտարկվելու են նաև այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք գտնվում են լուծարման փուլում։ Եթե քաղաքացիները վարկեր ունեն այդ կազմակերպություններում, միևնույն է կարող են դիմել։ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ լուծարվող 4 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր։ 

Ծրագրի շահառու դառնալու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Շահառու դառնալուց հետո քաղաքացիները աջակցություն կստանան 24 ամիս։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակնկալում է պոտենցիալ շահառուների ակտիվ մասնակցություն։