Հարյուրավոր տեղացիներ և զբոսաշրջիկներ հինգշաբթի երեկոյան հավաքվել էին Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեի մոտ՝ տեսնելու, թե ինչպես են նորից պտտվում նրա լեգենդար կարմիր թևերը։

12 մետր բարձրությամբ հայտնի կարմիր թևերը չէին պտտվում արդեն 14 ամիս՝ այն պահից, երբ 2024 թվականի գարնանն ուժեղ քամին տապալել էր դրանք։

Խորհրդանիշի վերադարձի առթիվ Մոնմարտրի Բլանշ հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցում կազմակերպվել էր մեծ շոու. 60 պարուհի պարել են իրենց ֆիրմային կանկանը, իսկ կաբարեի տանիքից որոտացել է տոնական հրավառությունը։ Ամեն տարի հայտնի հաստատություն է այցելում շուրջ 600 հազար մարդ։

«Մուլեն Ռուժի թևերը միշտ պտտվել են, այդ պատճառով մենք պարզապես պարտավոր էինք այս փարիզյան խորհրդանիշը քաղաքին և երկրին վերադարձնել այնպիսին, ինչպիսին այն եղել է», - ասել է կաբարեի գործադիր տնօրեն Ժան-Վիկտոր Կլերիկոն։

Միջադեպը տեղի էր ունեցել 2024 թվականի ապրիլին մեխանիզմի կենտրոնական առանցքի խափանման պատճառով. թևերը փլուզվել էին գիշերը՝ հաստատության փակվելուց հետո։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Անցյալ ամառ՝ Փարիզի Օլիմպիական խաղերի նախօրեին, տեղադրվել էին նոր ալյումինե թևեր, սակայն այս ամբողջ ընթացքում դրանք անշարժ էին մնում նոր էլեկտրաշարժիչի տեղադրման ձգձգումների պատճառով, որը նաև սնուցում է հայտնի ճակատամասը լուսավորող հարյուրավոր լամպերը։

«Մուլեն Ռուժ»-ը («Կարմիր ջրաղաց») կուլտային կաբարե է, որը հայտնի է դարձել դեռևս 19-րդ դարի վերջին՝ նկարիչ Անրի դը Թուլուզ-Լոտրեկի շնորհիվ, իսկ 21-րդ դարում էլ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել Բազ Լուրմանի համանուն մյուզիքլի թողարկումից հետո, որտեղ խաղում են Նիկոլ Քիդմանը և Յուեն Մաքգրեգորը։

Բացվելով 1889 թվականին՝ «Կարմիր ջրաղացը» արագորեն դարձել է «Գեղեցիկ դարաշրջանի» (Belle Époque) փարիզյան գիշերային կյանքի խորհրդանիշը։ Այսօր «Մուլեն Ռուժը» մնում է Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակի և Փարիզի Աստվածամոր տաճարի նման։