Շվեյցարացի գիտնականները գործարկել են գիտափորձ՝ ուսումնասիրելու համար չոր օդի ազդեցությունը ծառերի վրա։ Երկրի հարավում գտնվող Պֆինվալդի սոճու անտառում փորձարարական աշխատանքներ են իրականացվում։ Մասնագետները ծառերը ցողում են ջրային մշուշով, գում է Ֆրանսպրես գործակալությունը։

Անտառում տեղադրված է 18 աշտարակ, որոնց ցողիչները թեթև մշուշ են ստեղծում բույսերի վրա։ Հետազոտության նպատակն է որոշել չորային կլիմայական պայմաններում ջերմաստիճանի բարձրացման և հողի չորության ազդեցությունը ծառերի վրա։

Նախագծի հեղինակները պարզաբանում են, որ իրենց նպատակը անտառները փրկելը խոնավություն ցողելով չէ, նշում է Planet Today-ը։ Փորձի նպատակը զուտ գիտական ​​է՝ հասկանալ՝ ինչու է չոր օդն այդքան բացասական ազդեցություն ունենում ծառերի վրա։ Նախագծի արդիականությունը մեծանում է այն փաստի շնորհիվ, որ մինչև 2060 թվականը, ըստ վերջին կանխատեսումների, Շվեյցարիայում ամառային տեղումները կնվազեն 25%-ով։

Առաջին արդյունքները անսպասելի էին։ Կենսաբանները ենթադրել են, որ չոր օդը կարագացնի բույսերի մահը։ Մինչդեռ իրականում պարզվել է, որ, ընդհակառակը, այն դանդաղեցրել է փշատերև անտառի կործանման գործընթացը։ Պատճառը բնական ռեակցիա էր. ծառերը փակում են իրենց հերձանցքները, դանդաղեցնելով գոլորշիացման գործընթացը և նվազեցնելով խոնավության սպառումը:

Սակայն այդ ալգորիթմը գործում է մինչև որոշակի սահման։ Հին սոճիները շարունակում են մեռնել, և դրանց տեղում աճում են երիտասարդ կաղնիներ, քանի որ դրանք ավելի դիմացկուն են երաշտի ժամանակ։

Հեղինակները հույս ունեն, որ փորձը կօգնի կանխատեսել՝ ինչպես կարձագանքեն անտառային տարածքները կլիմայի փոփոխությանը և պարզել՝ ապագայում ինչ պետք է տնկել ծայրահեղ եղանակային պայմաններում։