Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկել Հարավային Սուդանում հատուկ ծառայությունների կողմից  ձերբակալված Հայաստանի քաղաքացու ինքնությունը պարզելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էՀայաստանի ԱԳՆ մամուլի  քարտուղար Տիգրան Բալայանը: Պարզաբանվում են նաեւ տեղի ունեցածի մանրամասները:

Ինչպես հաղորդվել էր նախապես, Հարավային Սուդանում ձերբակալվել է Սուդանի Park Air ընկերության Ան-32 ինքնաթիռի անձնակազմը, որի անդամներից մեկը Հայաստանի քաղաքացի է:  Ըստ ՌԻԱ Նովոստիի տվյալների` ինքնաթիռը կատարում էր Հարթում-Սարջաս-Էլ Ֆելուջա-Էլ Օբեյդ - Հարթում թռիչքը: Ինքնաթիռի անձնակազմի անդամներից են  նաեւ Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի եւ Սուդանի քաղաքացիներ: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են տեղի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից եւ ուղարկվել օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ճամբար, որտեղ էլ ներկայումս գտնվում են անձնակազմի անդամները: Ձերբակալման պատճառների պաշտոնական բացատրություն չի տրվել: