Տեսախցիկներով հայտնաբերված ճանապարհային իրավախախտումներին կարելի է ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ից, Երեւան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը:

Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաեւ` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով եւ արագաչափ սարքերով:

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետեւ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության www.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը նշվելու է կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:

Ոստիկանությունը բոլոր վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: