Պարզվել է Հարավային Սուդանում ձերբակալված Հայաստանի քաղաքացու ինքնությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, ներկայումս պաշտոնական Երեւանը փորձում է կապի մեջ մտնել նրա հետ: Ձերբակալվածի անունը ԱԳՆ-ն չի հաղորդում` ելնելով էթիկայի նկատառումներից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հարավային Սուդանում ձերբակալվել է Սուդանի Park Air ընկերության Ան-32 ինքնաթիռի անձնակազմը, որի անդամներից մեկը Հայաստանի քաղաքացի է:  Ըստ ՌԻԱ Նովոստիի տվյալների` ինքնաթիռը կատարում էր Հարթում-Սարջաս-Էլ Ֆելուջա-Էլ Օբեյդ - Հարթում թռիչքը: Ինքնաթիռի անձնակազմի անդամներից են  նաեւ Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի եւ Սուդանի քաղաքացիներ: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են տեղի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից եւ ուղարկվել օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ճամբար, որտեղ էլ ներկայումս գտնվում են անձնակազմի անդամները: Ձերբակալման պատճառների պաշտոնական բացատրություն չի տրվել: