Որոշ քաղաքական ուժերի այն պնդումները, թե միայն համամասնական ընտրակարգով ընտություններն են ապահովում ազատ ու թափանցիկ ընտրություններ, մեղմ ասած, չափազանցված է: Այս մասին այսօր` հունվարի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, նման հայտարարությունները համարելով «շահարկումներ»:

Նրա խոսքով, Եվրոպական շատ երկրներ կան, որտեղ եւ համամասնական ընտրակարգն է գործում եւ մեծամասնականը, ինչպես Հայաստանում: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ նկատեց, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտրությունից հետո ընտրական համակարգը բարելավելու ուղղությամբ որոշակի աշխատանքեր են իրականացվում:

«Երեկ Ջոն Պրեսկոտը եւս նկատել է, որ այն ինչ տեսել են Հայաստանի նոր ընտական օրենսգրքում, իսկապես բարեփոխմանը միտված քայլ է: Նաեւ նշել է, որ համամասնականի եւ մեծամասնականի ընտրությունը երկրի ներքին որոշելիքն է»,- ավելացրեց Մկրտիչ Մինասյանը:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ երկրի նախագահի կողմից հստակ հրահանգված է, որ գալիք ընտրությունները լինեն շատ ավելի արդար, թափանցիկ եւ ոչ վիճահարույց` մեր երկրի եւ ժողովրդի շահերից ելնելով:

Հարցին, թե ամեն ընտրության նման, այս անգամ ե՞ւս, նախընտրական շրջանում Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումները կակտիվանան, պատգամավորը պատասխանեց. «Ղարաբաղի խնդիրը այս անգամ եւս կլինի, թե իշխանության, թե ընդդիմության ուշադրության կենտրոնում, բայց այն ոչ այսօր, ոչ մի ամսից, բնականաբար, չի լուծվի»: