Կարելի է օգտագործել հեռախոսի ամբողջ հիշողությունը կամ առավելագույնս օգտագործել համակարգչի սկավառակը, բայց կարո՞ղ եք օգտագործել ձեր ուղեղի ամբողջ հիշողության տարածքը։

Նյարդակենսաբանները պնդում են, որ առողջ ուղեղի միջին հիշողության ծավալը սահմանված չէ և այնքան էլ հեշտ չէ օգտագործել, գրում է Live Science-ը։

«Չկա հստակ սահման, թե որքան տեղեկություն կարող է պահել ուղեղը, -պարզաբանում է Բոստոնի քոլեջի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էլիզաբեթ Քենսինգերը։ -Հիշողությունները կարելի է դիտարկել որպես տվյալներ, որոնք ուղեղն օգտագործում է ներկա պահը հասկանալու, ապագայի մասին կանխատեսումներ անելու և հետագա ուսուցման հիմքը կազմելու համար»։

Դա պայմանավորված է նրանով, որ ուղեղը մեկուսացված ֆայլերի տեսքով հիշողությունները չի պահում մեկ կոնկրետ նյարդային բջջում։ Փոխարենը, մեկ հիշողությունը բաշխված է էնգրամներ կոչվող բազմաթիվ նեյրոնների՝ ուղեղի բջիջների խմբերի միջև, որոնք միացված են և ցրված են ուղեղի տարբեր հատվածներում։

Նյարդակենսաբաններն այս օրինաչափությունը, որի դեպքում հիշողությունը գրանցվում է բազմաթիվ նեյրոնների կողմից, դերաբաշխված ներկայացում են անվանում։ Այս առանձին ուղեղի բջիջներից յուրաքանչյուրը խաղում է իր առանձնահատուկ դերը զանազան բազում հիշողություններում։

Մտորեք որևէ հիշողության, օրինակ՝ ձեր 12-ամյակը նշելու երեկույթի մասին։ Այն չի պահվում հիշողության առանձին թղթապանակում։ Փուչիկների գույնը, տորթի համը, ընկերների երգի ձայնը և հուզմունքի զգացողությունը՝ այդ ամենն ակտիվացնում է տարբեր զգայական և հուզական կենտրոններ՝ գլխուղեղի տեսողական կեղևը, գլխուղեղի համային կեղևը, լսողական համակարգը և հույզերի մշակման համար պատասխանատու հատվածները։ Այդ հատվածները փոխազդում են որոշակի օրինաչափությամբ, և նյարդային ակտիվության այս օրինաչափությունը պահպանում է հիշողությունը։

Երբ ավելի ուշ հիշում ես այդ երեկույթը, վերաակտիվացնում ես այդ օրինաչափությունը։ Այս եղանակը զգալի առավելություններով է օժտված։

Քանի որ նեյրոնները կարող են մասնակցել բազմաթիվ համակցությունների, ուղեղը ի վիճակի է ծսծկագրել հսկայական քանակությամբ հիշողություններ։ Քենսինգերը ենթադրում է, որ կապված հիշողություններն համընկնող կառուցվածքներ ունեն, որոնք մեզ օգնում են ընդհանրացնել և կանխատեսումներ անել, ինչը շատ նյարդաբանների կարծիքով հիշողության ծագման հիմքն է։