Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը, ինչպես պարզվում է, եղել է Ռոբերտ Բերնսի պոեզիայի մեծ սիրահար, եւ նույնիսկ ձայնասկավառակի համար նրա բանաստեղծությունների հիման վրա նյութ է ձայնագրել:
Երկրպագուներին անհայտ այս ալբոմն ստեղծվել է դեռեւս 1980-ականներին: Երգիչը մտադիր է եղել նույնիսկ մյուզիքլ ստեղծել, որում օգտագործվելու էին բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Սակայն այդ նախագիծն այդպես էլ չի իրականացել:
Այժմ կուռքի չթողարկված ալբոմը որպես նվեր կփոխանցվի Ռոբերտ Բերնսի թանգարանին: Այն գտնվում է Շոտլանդիայի Էրշիր կոմսությունում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Իր հերթին թանգարանը հնարավոր է համարում երգերի թողարկումը ձայնասկավառակի տեսքով:
Մայքլ Ջեքսոնի տասներորդ եւ վերջին լիարժեք ալբոմը 2001 թվականին լույս տեսած «Invincible» ձայնասկավառակն է: 2010 թվականի դեկտեմբերին (այսինքն երգչի մահվանից մեկուկես տարի անց) վաճառքի է հանվել «Michael» հավաքածուն, որում ընդգրկված էին նախկինում չհրապարակված կատարումները: Երգչի ընտանիքի անդամները վստահեցրել են, որ ձայնասկավառակի մի քանի երգերի ընթացքում ոչ թե երգչի ձայնն է հնչում, այլ նմանակողի, գրում է lenta.ru-ն:




























