Վանաձոր քաղաքում մինչ օրս լուրջ խնդիր է փողոցների անվանատախտակների բացակայությունը, որն առաջին հերթին խոչընդոտում է շտապօգնության արագ տեղ հասնելուն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանն ասաց, որ սկսվել են փողոցներում ցուցատախտակների եւ անվանատախտակների տեղադրման աշխատանքները. «Մրցույթը տեղի է ունեցել դեկտեմբերին, աշխատանքները մեծ թափով այս պահին կատարվում են, ու հավանաբար մոտ օրերս կավարտվեն»:
Փոխքաղաքապետի խոսքով, նախորդ տարի բյուջեից հատկացվել է 5մլն դրամ, որով պետք է լուծվի Վանաձորում գտնվող 296 փողոցից 35-ի անվանատախտակների հարցը: «Մենք ունենք 1038 բազմաբնակարան շենք ևեւ 7200 առանձնատուն, բայց այս պահին անվանատախտակներ փակցնելու ենք 1405 շինությունների վրա»,-ասաց նա:
Աշխատանքներն իրականացվում են հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում, որն ըստ փոխքաղաքապետի, անհրաժեշտ է նաեւ գալիք ընտրություններում ընտրատեղամասերը բաշխելու համար: Նորիկ Սարդարյանի վստահեցմամբ, այս տարի եւս քաղաքապետարանի բյուջեից կհատկացվի 5 մլն դրամ:




























