Ռումինիայի առողջապահության փոխնախարար Ռաեդ Արաֆաթին վերականգնել են իր պաշտոնում: Նրա հեռացումից հետո երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ակցիաներ: Նման որոշում է կայացրել վարչապետ Էմիլ Բոկը հունվարի 17-ին:
Ամենայն հավանականությամբ, այս միջոցով կառավարությունը ցանկանում է դադարեցնել զանգվածային անկարգությունները: Բացի դրանից, վարչապետն Արաֆաթին խոստացել է ընդգրկել առողջապահական նոր օրենքի քննարկման շրջանակներում: Նախորդ նախագիծը ենթարկվել էր փոխվարչապետի քննադատությանը եւ հետ կանչվել կառավարության կողմից, հաղորդում է Reuters-ը:

Սակայն դա բավական չի լինի ցուցարարներին հանդարտեցնելու համար: Նրանք դժգոհ են նաեւ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններից եւ նախագահ Տրայան Բեսեկսի աշխատանքից: Հունվարի 13-ից սկսված բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է 13 հազար մարդ: Միայն հունվարի 16-ին Ռումինիայի քաղաքների փողոցներ են դուրս եկել ավելի քան 10000 մարդ: Ցուցարարների մի խումբ Բուխարեստում դագաղ է դուրս բերել հետեւյալ գրությամբ`  «Բեսեկս = Չաուշեսկի» ` այդպիսով նշելով ներկա նախագահի նմանությունը վերջին կոմունիստական նախագահ Նիկոլա Չաուշեսկուն:

Բուխարեստում բողոքի ցույցը հունվարի 16-ի երեկոյան վերաճել է ոստիկանության հետ բախման, որի ժամանակ ձերբակալվել է 137 մարդ: АРի տվյալներով` ընդհանուր առմամբ ամբողջ Ռումինիայում տուգանվել է 247 բողոքող, 36 ցուցարարների էլ զենքի անօրինական պահման, վանդալիզմի եւ հասարակական կարգի խախտման մեղադրանք է ներկայացվել: