Թերթը գրում է, որ այս օրերին կրկին քննարկման առարկա է դարձել արեւմտահայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքների թաղման հարցը: «Դեռեւս 1959թ. Սկյութարի գերեզմանատան (որտեղ թաղված էր բանաստեղծը) տեղափոխման ընթացքում Դուրյանի գանգն այն ժամանակվա Պոլսո պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կամոք առանձնացվում է մնացած մասունքներից եւ տարվում պատրիարքարան՝ ի պահ:
«Պարբերական քննարկումներից հետո մեր մշակույթի «մեծերը» որոշեցին բանաստեղծի ծննդյան 160-ամյակի կապակցությամբ 2011-ի սեպտեմբերին «գթասրտորեն» «նվեր» անել Դուրյանին՝ վերջինիս գանգն ի վերջո հողին հանձնելով:
Սակայն, ինչպես վերջերս պարզվեց, կենսաբան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հարցին այլ լուծում է գտել. բանաստեղծի մասունքը ոչ թե թաղելու են, այլ… պատի մեջ են զմռսելու: Հետաքրքիր է, ո՞րն է նման որոշման պատճառը: Չէ՞ որ քրիստոնեական ավանդույթներում մասունքները զմռսելու կարգ չկա: Էլ չասած, որ դրան դեմ են հանդես եկել ինչպես Գրողների միությունը, այնպես էլ Դուրյանի գանգի երկարամյա պահապանը՝ Գրականության եւ արվեստի թանգարանը: Ըստ ամենայնի, Պողոսյանի այս «նորամուծությունը» պայմանավորված է նրանով, որ պանթեոնի տարածքը սահմանափակ է, և չարժե այն «զանիտ անել» մի գանգի համար, եթե անգամ դա Պետրոս Դուրյանի գանգն է»,- գրում է «Ժողովուրդ»-ը:.




























