Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունվարի 17-ին ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտին եւ նրան ներկայացրել արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Ջոն Պրեսկոտը նախ փոխանցել է այս այցի ընթացքում ստացած իր տպավորություններն ու դիտարկումները Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը եւ ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երեւույթ է»,- նշել է նա, հավելելով, որ այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին հուզող խնդիրը հիմնականում մեծամասնական ընտրակարգի վերացման էր վերաբերում:

Հայաստան կատարած այցից հետո նախատեսվող զեկույցում պետք է անդրադառնան երկրում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես դատական, ոստիկանական համակարգերում, ուստի հյուրի խնդրանքով ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանը ներկայացրել է բարեփոխումների փիլիսոփայությունը, իրականացվող եւ առաջիկայում նախանշված քայլերի ողջ ցանկն ու գործողությունների ծրագիրը:

Նախարար Թովմասյանը լորդ Ջոն Պրեսկոտի ղեկավարած պատվիրակությանը ներկայացրել է նաեւ իր պաշտոնավարման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում կատարված մի շարք աշխատանքներ` զուգահեռաբար ընդգծելով, որ դրանք, իհարկե, բավարար չեն, քանի որ հարցումների արդյունքներով դատական իշխանությունների նկատմամբ դեռեւս 80% անվստահություն կա: «Պատճառները բազմաբնույթ են», -շեշտել է արդարադատության նախարարը, թվարկելով դրանցից մի քանիսը` օրենսդրությունում դեռեւս պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, առկա են կադրային խնդիրներ եւ այլն:

Թվարկված խնդիրները լուծելու նպատակով էլ մշակվել եւ առաջիկայում Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացվելու 2012-16 թվականների դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչ այդ, հունվարի 20-ին, հայեցակարգը բաց քննարկման է դրվելու խորհրդարանում:

ՀՀ արդարադատության նախարարը հյուրին ներկայացրել է նաեւ անհրաժեշտ այն գործողություններն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն դատաիրավական բարեփոխումների լիարժեք իրականացմանը: Շեշտելով դատաիրավական բարեփոխումների առաջնահերթությունն ու կարեւորությունը՝ նախարար Թովմասյանն ընդգծել է, որ առանց դատական իշխանությունների լրջագույն բարեփոխումների, որեւէ այլ բնագավառում էական արդյունքների հասնել հնարավոր չէ:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, ՀՀ արդարադատության նախարարնը շեշտել է, որ երկրի նախագահի գերխնդիրն է ապահովել թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, ինչը կարեւոր է ոչ միայն ժողովրդավարության ցուցանիշ ապահովելու, այլեւ հասարակական-քաղաքական առկա կոնֆլիկները հանգուցալուծելու առումով:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ի պատասխան այս դիտարկաման կատակել է, թե «ծառը աճում է եւ ցուցանիշը կլինի աճող պտուղը, այսինքն հանրության վստահության վերականգնումը»: