Հայաստանի կառավարությունը կամ մշակութային հիմնադրամները կարող են հետ գնել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան մասը, քանի դեռ ուշ չէ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գրողի թոռնուհին` Ալյոնա Թումանյան-Կոլեսնիկովան հայտնել է, թե լավագույն տարբերակը կլիներ, եթե տունը գնվեր որպես մշակութային հուշարձան: «Կարելի է գնել այն հատվածը, որտեղ գտնվում էր մեծ գրողի աշխատասենյակը, նրա գրադարանն ու սրահը: Լավ կլիներ, որ այստեղ մարդիկ հավաքվեին, արվեստի երեկոներ անցկացնեին, ինչպես ժամանակին գրողներն էին հավաքվում»:
Հենց այդ հատվածը, որ ներկայումս զբաղեցնում է քաղաքային գրադարաններից մեկը, պատկանում է մի ձեռնարկատիրոջ, եւ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից նրան է հատկացվել բենզինի առաքումների դիմաց: Տան մյուս մասը` բնակելի հատվածը, պատկանում է գրողի որդու` Մուշեղի թոռանը:
Այդ նույն գործարքով, գործարարը եւս 15 գրադարաններ է ստացել: Ինչպես նշվում է Թբիլիսիի հայերի միության հաղորդագրության մեջ նա արդեն մեկ դատական գործ հաղթել է գրադարաններից մեկի աշխատակիցների դեմ: Ներկայումս տվյալ տունը վաճառքի է հանվել վրաց-թուրքական «ՋեոԹուրան» ընկերությանը եւ նախատեսված է այն վերածել օտարերկրացիների համար հանրակացարանի:
«Երկար տարիներ մենք այդ հարցով դիմել են Վրաստանի կառավարությանը, Հայաստանին: 13 տարի տունը որպես գրադարան է ծառայել»,- նշել է գրողի թոռնուհին:
Մամուլն ավելի վաղ գրել էր, թե Թումանյանի տունն էլ վերածվելու է հանրակացարանի Թուրքիայի քաղաքացիների համար: Ա.Թումանյան-Կոլեսնիկովան այդ կապակցությամբ ասել է. «Մեզ հաղորդել են, որ այստեղ հանգրվանելու են աշխատանքի նպատակով Վրաստան ժամանող օտարերկրացիները: Հենց հիմա այնտեղ վերանորոգում է ընթանում, կախովի առաստաղ են տեղադրում: Ես դեռ չգիտեմ` վաճառված է տան մյուս հատվածը, թե` ոչ: Պատրաստվում էին վաճառել եւ զանգել էին ինձ` պարզելու, թե վաճառո՞ւմ եմ արդյոք ես իմ հատվածը, բայց ես պատասխանեցի, որ չեմ պատրաստվում անել դա: Ինչ վերաբերում է վաճառքին, իրավաբանն ինձ ասաց, որ վաճառքն արգելող առանձնահատուկ կարգավիճակ տունը չունի, կարելի է արգելել միայն վերանորոգման ժամանակ լուրջ շինարարական խախտումների դեպքում»:
Սենյակների արժեքն առայժմ չի գնահատվել, սակայն տունը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում: «Ճիշտ է, տունը հին է, տանիքի եւ այլ մասերի հետ խնդիրներ ունի, ուստի որպես բնակելի տարածք մեծ արժեք ունենալ չի կարող: Միգուցե, այժմ կարելի է գնել, քանի դեռ նոր սեփականատեր չի հայտնվել»,- նկատել է Թումանյան-Կոլեսնիկովան:
Լսելով, որ մշակույթի նախարարությունը ինքն է սպասում տեղեկությունների Թբիլիսիից, գրողի թոռնուհին պատասխանել է. «Դե ինչ, լավ կլինի, որ ինչ-որ ստացվի: Օրերս Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ էր եկել, դիտեց տան վիճակը: Լրագրողներ են եկել, ռեպորտաժ են արել: Միգուցե հարցը լուծվի»:




























