Թալիբներն սպանել են Պակիստանում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրող Մուքքարամ Հանա Աթիֆին:
Լրագրողին սպանել են մզկիթում` հունվարի 17-ի երեկոյան աղոթքի ժամանակ: Պակիստանյան ոստիկանությունը կարծում է, որ մահափորձի պատճառը լրագրողի մասնագիտական գործունեությունն է:
«Ամերիկայի ձայն»-ի կենտրոնի հաղորդման համաձայն` Պակիստանում Աթիֆը մասնագիտացել էր թեժ կետերից ռեպորտաժներ պատրաստելու գործում: Մի քանի ամիս առաջ նա գործուղման մեջ էր եղել Մոհմանդ ցեղերի բնակավայրում, որի ժամանակ քանիցս սպառնալիքներ է ստացել տեղի ծայրահեղականներից:
Լրագրողի սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Պակիստանյան Թալիբան» խմբավորումը: Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ թալիբները Աթիֆից բազմիցս պահանջել են դադարեցնել տեղեկատվություն փոխանցելը: «Սակայն նա չենթարկվեց մեր պահանջներին, եւ այդպես տնօրինեց իր ճակատագիրը», - թալիբների առաջնորդի խոսքերը հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին երկրում զոհվել են լրատվամիջոցների 7 աշխատակիցներ: Պակիստանը երկրորդ տարին է, ինչ համաշխարհային լրագրողական միության կողմից ճանաչվել է ամենավտանգավոր երկիրն այդ մասնագիտությունը կրող մարդկանց համար:




























