Եթովպիայի իշխանությունները հաստատել են գրոհայինների հարձակման արդյունքում օտարերկրացի հինգ զբոսաշրջիկների մահվան փաստը: Կառավարության ներկայացուցիչ Բերեքեթ Սիմոնը հայտնել է, որ սպանվել են գերմանացի, բելգիացի, իտալացի, հունգար եւ ավստրալացի զբոսաշրջիկներ:
Նա պատասխանատվությունը բարդել է Էրիթրեայի կառավարության կողմից վարձված գրոհայինների վրա: Աֆրիկյան միությունում Էրիթրեայի ներկայացուցչությունը հերքել է այդ տվյալները` հայտարարելով, որ իր երկիրը որեւէ կապ չունի հարձակման հետ, հաղորդում է Reuters-ը:
Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 17-ին Էթովպիայի եւ Էրիթրեայի սահմանին, Էրտա Ալե հրաբխի մոտ: Զբոսաշրջիկները ուղեգրեր էին գնել գերմանական տուրօպերատորից:
Եվս երկու անձինք վնասվածքներ են ստացել, մի քանիսն անհետ կորած են համարվում:
Գերմանիայի ԱԳՆ-ն ճգնաժամային շտաբ է ստեղծել` զբաղվելու միջադեպի հանգամանքներով:




























