Երեւանյան Gallup International գրասենյակի ղերավար Արամ Նավասարդյանը համաձայն չէ մի շարք քննադատների հետ` կապված տեղեկության հավաքագրման մեթոդների հետ: Երեւանյան գրասենյակի ղեկավարը նման կարծիք է արտահայտել այսօր` հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
Մամուլի ասուլիսը նվիրված էր հերթական ամենամյա հարցման արդյունքերին: Հարցումը անցկացվել է նախորդ տարվա վերջին, աշխարհի 58 երկրներում, եւ դրա արդյունքները հայտնի են եւ հասանելի ինտերնետում: Արամ Նավասարդյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ ավելի մանրամասն արդյունքներ:
Հարցումը կատարվել է հեռախոսով, մայրաքաղաք Երեւանում եւ Հայաստանի մարզերում: Հարցմանը մասնակցել է 5 հարյուր մարդ:
Հարցման արդյունքներով, 47 տոկոսը կարծիք է հայտնել, որ 2012-ն ավելի լավ տարի կլինի, քան 2011-ը, իսկ հարցվածների 24 տոկոսը համոզված է, որ ոչինչ չի փոխվի: 33 տոկոսը հույս ունի, որ երկիրը տնտեսական բարգավաճում կապրի, իսկ 24 տոկոսը կարծում է, որ երկրին տնտեսական դժվարություններ են սպասվում, 31 տոկոսը կարծում է, որ ոչինչ էլ չի փոխվելու:
74 տոկոսը հայտարարել է, որ նախորդ 12 ամիսների ընթացքում խնդիրներ չի ունեցել սննդամթերի ապահովման հետ, 7 տոկոսը նշել է, որ ժամանակ առ ժամանակ նման խնդիրներ ծագում են, 6 տոկոսն ասել է, որ նման խնդիրներ հաճախ է ունենում, 11 տոկոսը` երբեմն:
Հարցին, թե արդյոք 2012-ը կլինի ավելի խաղա՞ղ, քան 2011-ը, հարցվածների 42 տոկոսը դրական է պատասխանել, 17 տոկոսը կարծում է, որ այդպես չի լինի, իսկ 26 տոկոսը գտնում է, որ ոչինչ չի փոխվի: Այդուհանդերձ, 70 տոկոսը հայտարարել է, որ իրեն երջանիկ է համարում, 10 տոկոսը` դժբախտ, իսկ 18 տոկոսը իրեն ոչ երջանիկ է համարում, ոչ էլ` դժբախտ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարցման արդյունքների վրա ազդե՞լ է այն հանգամանքը, որ այն կատարվել է Ամանորյա տոների նախօրեին, երբ հայ հասարակությունը որոշակի առաջընթաց է զգում երկար սպասված հանգստյան օրերի նախօրեին, Նավասարդյանը նշել է, որ դա միանգամայն հնարավոր է: Հարցման մեթոդի վերաբերյալ քննադատությունները Նավասարդյանը համարել է թերի` կոչ անելով մամուլին չհավատալ «կեղծ փորձագետներին»: Ընդհանուր առմամբ, Արամ Նավասարդյանը համոզված է, որ անհաջողության են մատնված երկրի տնտեսական մակարդակը երջանկության զգացողության հետ պայմանավորելու փորձերը: Պատահական չէ, որ ամբողջական հարցման արդյունքներով ամենաերջանիկ մարդիկ ապրում է Ֆիջի կղզիների վրա, որը Երկիր մոլորակի տնտեսապես ամենազարգացած հատվածներից չէ:



























