Բաթումիի իշխանությունները հերքել են այն լուրերը, թե իբր քաղաքում մտադիր են էրոտիկ բնույթի քանդակ տեղադրել:
Ավելի վաղ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչ Դավիթ Ռոբակիձեն հայտնել էր, որ Բաթումիում կհայտնվի տղամարդու եւ կնոջ ինտիմ գրկախառնությունը պատկերող քանդակ: Ընդ որում, ընդդիմադիրը հղում է արել մշակութային աղբյուրներին: Սոցիալական ցանցերում նույնիսկ այդ քանդակի նկարն է հայտնվել:
Քանդակի տեղադրումը նա մեկնաբանել է նրանով, որ իբր Վրաստանը տղամարդու եւ կնոջ սեռական իրավահավասարության ինչ-որ կոնվենցիայի է միացել: Լեյբորիստը հայտարարել է, որ կառավարությունը նման որոշում է ընդունել մինչեւ Նոր տարի:
«Նովոստի Գռուզիա» գործակալությունը պարզաբանում է, որ դեկտեմբերի վերջին պատգամավորներն ընդունել են «Կանանց, խաղաղության եւ անվտանգության մասին» որոշումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ձեւաչափերի շրջանակներում:
Բաթումիի քաղաքապետարանում գործակալությանը հայտնել են, որ մոտ ապագայում նման քանդակի տեղադրում չի սպասվում:



























