Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Իսմեթ Ուչման, ով օրեր առաջ Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել էր թե 1915-ի համար պետք է ներողություն խնդրել հայերից, կրկին հաստատել է իր խոսքերը։
Թուրքական T24 կայքին տված հարցազրույցում պատգամավորը նշել է, թե 1915-ին աննորմալ եւ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել։ Իսմեթ Ուչման պնդել է, թե «ցեղասպանություն» բառի փոխարեն պետք է այլ բառ փնտրել։
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ արձագանքներ է ստացել այն բանից հետո , երբ ասել է, որ 1915-ի համար պետք է հայերից ներողություն խնդրել, թուրք պատգամավորը պատասխանել է. «Իմ կուսակցության ներսի արձագանքները մեծամասամբ դրական էին, իսկ հասարակության մեջ այն շատ մեծ ոգեւորությամբ է ընդունվել։ Ես, իրոք, կիսում եմ այդ վիշտը եւ մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցածի համար»։
Նշենք, որ Իսմեթ Ուչման «Ակոս»-ին տված հարցազրույցում ասել էր, թե 1915-ին մեծ ողբերգություն է տեղի ունեցել. «Եթե կան զինված խմբեր, պետք է նրանց դեմ պայքարել, ոչ թե անմեղ ժողովրդին վնասել: 1915-ին հենց սա է տեղի ունեցել: Ես այն որպես ցեղասպանություն չեմ ճանաչում, սակայն գտնում եմ, որ անմեղ ժողովրդին տեղահանության ենթարկելը մեծ սխալ էր: Այս համատեքստում ես հայ ժողովրդից ներողություն եմ խնդրում, իրոք, պետք է ներողություն խնդրել»,-ասել է Իսմեթ Ուչման:




























