Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի կայացրած վճիռը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ նշել է, թե անվճար ուսում պահանջող ուսանողներին դատում են կազմակերպված հանցախմբի անդամ լինելու մեղադրանքով, իսկ Դինքին սպանողների համար նշեցին, թե նրանք հանցախմբի անդամներ չեն եւ միայնակ են գործել։ «Սա է «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության արդարադատությունը»,-ասել է Քըլըչդարօղլուն։
Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։




























